Քաղաքականություն

Փաշինյանը Վրաստանի վարչապետին է ներկայացրել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

3 րոպեի ընթերցում

Փաշինյանը Վրաստանի վարչապետին է ներկայացրել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին է ներկայացրել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, նաև՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի հայտարարության ժամանակ: 

Փաշինյանը Վրաստանի իր գործընկերոջը տեղեկացրել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում:

«Այս համատեքստում ընդգծել եմ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու կարևորությունը, որը շատ կոնկրետ ու շոշափելի հեռանկարներ է խոստանում Հայաստանի, Վրաստանի և մեր ընդհանուր տարածաշրջանի մյուս երկրների համար: Կարևորել եմ նաև, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում ապահովվի ներառականություն: Այդ համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը «Սև ծովի էլեկտրական մալուխի» նախագծին միանալու վերաբերյալ»,–ասաց Փաշինյանը:

Երկու երկրների ղեկավարները չեն շրջանցել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը միտված ընթացիկ գործընթացների շուրջ քննարկումները: 

«Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները ՝ շեշտելով, որ երկուստեք մտահոգություններ ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ ու լուծումներ և սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին: Վերահաստատում եմ, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում և շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետը Վրաստանի իր գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները՝ տեղեկացնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլը սկսել Հայաստան–Վրաստան–Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում