Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, առկա են դրվագային դեպքեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ հասարակության շրջանում հաճախ սխալ են մեկնաբանվում կոռուպցիայի տեսակներն ու բնույթը։
Գալյանի խոսքով՝ համակարգային կոռուպցիան բրգաձև կառուցվածք է, որի դեպքում ամբողջ համակարգը՝ ստորին օղակներից մինչև վերին ղեկավարներ, ներգրավված է կանոնակարգված և կազմակերպված կոռուպցիոն շղթայում։ Հայաստանում նման շղթայի գոյությունը բացառվում է։
«Բարեբախտաբար, մենք ունենք այնպիսի պետություն, որ որևէ նախարար, փոխնախարար կամ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող այլ անձ երաշխավորված չէ, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվի և հակառակը՝ երաշխավորված է, որ կսկսվի։ Եվ այդ մասին խոսում են այն օրինակները, որոնք մենք այսօր ունենք։ Իհարկե, դրվագային կոռուպցիա կա, բայց թույլ տվեք ասել, որ այն եղել է մշտապես հասարակության ծագմանը և զարգացմանը համընթաց։ Կարծում եմ, որ կոռուպցիան այնպիսի երևույթ է, որ կա բոլոր երկրներում, ուղղակի դրանց ծավալներն են տարբեր։ Կարծում եմ նաև, որ սա մի արատավոր երևույթ է, որը շարունակելու է լինել։ Բայց պետության խնդիրը նվազագույն մակարդակի բերելն է, և դա է պատճառը, որ մենք շարունակաբար փորձում ենք զարգացնել ներգործության միջոցներն ու գործիքները»,- եզրափակեց Գալյանը։