Արդարադատության նախարարությունը դատաիրավական բարեփոխումների համատեսքտում բավականին մեծ արդյունքներ է գրանցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Վերանայվել են դատավորների սոցիալական երաշխիքները, զգալի բարձրացվել է նրանց աշխատավարձը։ Բարելավվել են նյութատեխնիկական և շենքային պայմանները որոշ դատարանների։ Բայց այս ոլորտում, իհարկե, մոտակա տարիներին դեռ շատ անելիքներ կան և ապագա հինգ տարվա ընթացքում նախատեսվում է, որ պետք է ունենանք ստանդարտացված դատական շենքեր, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին։ Եվ այս համատեքստում նաև նախատեսում ենք կառուցել 2-3 նոր շենքեր»,-ասաց Գալյանը։
Նախարարի խոսքով՝ դեռևս հստակ որոշում չկա, թե որ դատարանների համար կկառուցվեն նոր շենքերը, բայց ներկայումս կարևորվում է բոլոր դատարանների պայմանների բարելավումը և միջազգային չափանիշներին համապատասխան շենքերի ստանդարտների սահմանումը։