Քաղաքականություն

Արման Խաչատրյանը հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին

2 րոպեի ընթերցում

Արման Խաչատրյանը հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ելիսեյան պալատում դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Մակրոնը շնորհավորել է Արման Խաչատրյանին՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման և զարգացման։

Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար և ընդգծելով երկկողմ համագործակցության օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու իր պատրաստակամությունը՝ դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության ցանկությունն՝ ընդլայնելու ու զարգացնելու բարեկամ Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության վերափոխված հարաբերությունները և բազմոլորտ փոխգործակցությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղ գտած զարգացումների, տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերի վերաբերյալ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում