ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունել է «ՀՀ ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի հիման վրա Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ կապի ներկայացուցչի (կապի սպայի) մասին» որոշում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Եվրոպոլում Հայաստանի Հանրապետությունը կունենա կապի ներկայացուցիչ (կապի սպա), որի միջոցով անմիջական կապ կհաստատվի ինչպես Եվրոպոլի, այնպես էլ Եվրոպական միության անդամ երկրների՝ Եվրոպոլ գործուղված կապի սպաների հետ: Արդյունքում՝ կապահովվի տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակումը, ինչպես նաև Եվրոպոլի և անդամ երկրների հետ համագործակցության խորացումը:
Ըստ աղբյուրի՝ Եվրոպոլի հետ համագործակցության նոր ձևաչափը կնպաստի անդրազգային հանցավորության դեմ պայքարի ուղղությունների ընդլայնմանը, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, մաքսանենգության, կիբեռհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և այլ ոլորտներում: