Վարչապետը ՆԳՆ աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն իր ելույթում նախ շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատված Վահե Ղազարյանին։ «Այսօր այստեղ եմ նախ Վահե Ղազարյանին շնորհակալություն հայտնելու Ներքին գործերի նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի և ներդրման համար։ Պիտի արձանագրեմ, որ Վահե Ղազարյանի դերը ոստիկանության բարեփոխումների մեկնարկի և հաջող ընթացքի գործում անուրանալի է։ Եվ նա, ըստ էության, լինելով ոստիկանության երկարամյա ծառայող, շատ ուղիղ և մեծ ներդրում է ունեցել ոստիկանության բարեփոխումների և հետագայում նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացում։ Պիտի արձանագրեմ նաև, որ Վահե Ղազարյանի պաշտոնավարումը համընկել է շատ բարդ մի ժամանակաշրջանի հետ։ Ոստիկանության պետի պաշտոնում նա նշանակվել է քովիդի համավարակի շրջանում, հետո եղել է պատերազմական շրջանը և դրան հետևող բարդ իրադրությունները և իրավիճակը։ Այս ընթացքում նրա կատարած աշխատանքը, իհարկե, բարձր գնահատանքի է արժանի»,- նշել է ՀՀ վարչապետը։
Նա հավելել է, որ Ներքին գործերի նախարարությունը Վահե Ղազարյանի առաջնորդությամբ բարդ իրավիճակներում ի վիճակի է եղել ՀՀ-ում պահպանել իրավակարգը, միևնույն ժամանակ բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել։ «Մեր հանրապետության գոյության ընթացքում, թերևս, վերջին տարիներին ամենամեծ ներդրումներն են արվել ոստիկանության, Ներքին գործերի նախարարության վրա։ Այդ բոլոր աշխատանքներն առաջնորդելու համար ես շնորհակալություն եմ հայտնում Վահե Ղազարյանին»,- ասել է Փաշինյանը։
Ներկայացնելով նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին՝ վարչապետն ընդգծել է, որ Սարգսյանը նույնպես շատ էական ներդրում ունի ոստիկանության բարեփոխումների և ՆԳՆ-ի ձևավորման գործում։ «Ուզում եմ հաջողություն մաղթել տիկին Սարգսյանին այս պատասխանատու պաշտոնում և հույս հայտնել, որ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները նույն տեմպով ներգրավված կլինեն բարեփոխումների գործընթացում»,- ասել է Փաշինյանը։
Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ոստիկանության պետի, այնուհետև ներքին գործերի նախարարի պաշտոնը իրեն վստահելու համար։ «Ես ուզում եմ շնորհավորել տիկին Սարգսյանին այս պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարության ողջ անձնակազմին նրանց ծառայության համար»,- ընդգծել է Ղազարյանը։
Նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանն էլ շեշտել է, որ իր համար չափազանց կարևոր է ՆԳ նախարարության գործունեությունը խարսխել այն սկզբունքների վրա, որոնք կառավարությունը ուղենիշ է ընդունել դեռևս 2018 թվականից։ Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին ՆԳ նախարարի կարևոր պաշտոնը իրեն վստահելու համար։
«Նախարարության համար ես նոր մարդ չեմ։ Սա թույլ կտա ավելի արդյունավետ կերպով շարունակել հետագա աշխատանքը»,- նշել է Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ ՆԳ նախարարության ենթակայության տակ գործող երեք ծառայությունները հանրության հետ շփման ամենամեծ ազդեցության գոտին ունեն։ «Հանրային վստահության տեսանկյունից հանրության ակնկալիքը շատ ավելի շոշափելի է։ Վերջին շուրջ երկու տարիների ընթացքում Ներքին գործերի նախարարության նկատմամբ հանրային վստահության աճ։ Ուզում եմ համոզմունք հայտնել, որ նախարարության թիմը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել այս վստահությունն էլ ավելի ամրապնդելու համար»,- ասել է Արփինե Սարգսյանը։
Եզրափակելով խոսքը՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վահե Ղազարյանին շուրջ երկու տարվա արդյունավետ համագործակցության համար։