Բորելը հայտարարել է, որ օրը Կիևում սկսել է ռմբապաստարանում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Կիև այցի ժամանակ կոչ է արել շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա նաև հայտնել է, որ նոյեմբերի 11-ի առավոտն անցկացրել է ռմբապաստարանում։
«Օրս Կիևում սկսում եմ ապաստարանում, քանի որ Ռուսաստանը հերթական հրթիռային հարված է հասցնում։ Սա է ուկրաինացի ժողովրդի առօրյա իրականությունը Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր», - գրել է Բորելը X սոցիալական հարթակում:
Starting my day in Kyiv in the shelter, as Russia unleashes another missile attack.
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) November 11, 2024
This is the daily reality for the Ukrainian people since Russia‘s full-scale invasion. pic.twitter.com/4h3Yrljrxy
Գրառմանը Բորելը կցել է լուսանկար՝ մարզահագուստով և «ապաստարան» ցուցանակով միջանցքում։
Ավելի վաղ իր այցի ընթացքում Բորելը խոստացել է շարունակել Եվրամիությունից Ուկրաինային օգնության տրամադրումը, ԵՄ-ի կողմից պատրաստված զինվորների թիվը մինչև տարեվերջ հասցնել 75 000-ի։
Բորելը պաշտոնաթող է լինում դեկտեմբերի 1-ին, որից հետո ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնում նրան կփոխարինի Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասը։