ԱՄՆ ՄԶԳ-ի ու Եվրամիության անմիջական աջակցությունն ուղղված է նաև Հայաստանում մեդիագրագիտության խթանմանը
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) անմիջական աջակցությունն ուղղված է նաև Հայաստանում մեդիագրագիտության խթանմանը։ Անցած 16 ամիսների ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացված ֆինանսավորումն ուղղված է եղել 3000 հայերի մեդիագրագիտությունը բարձրացնելու միջոցառումներին։ Տվյալ ուղղությամբ ՀՀ-ում ակտիվ նախագծեր է իրականացնում նաև ՀՀ-ում ԵՄ գրասենյակը։
«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Երևանում կայացած «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով մեդիագրագիտության շաբաթվա բացման միջոցառման ժամանակ նշեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը:
«Մեդիագրագիտությունը բազմաթիվ պատճառներով մեզ հուզող ամենակարևոր թեմաներից մեկն է և առանցքային նշանակություն ունի բոլոր ուղղություններով և բոլոր ոլորտներում։ Հաճելի է, որ մեդիագրագիտություն ուսումնասիրող լսարանն ավելի է մեծանում։ ԱՄՆ ՄԶԳ-ն կիսում է այն տեսակետը, որ զանգվածային լրատվամիջոցների առանցքային դերակատարումը տեղեկատվական գործընթացում իսկապես մեծ է։ Նրանք իրազեկում են հասարակությանը, որպեսզի մարդիկ հավուր պատշաճի օգտագործեն այդ տեղեկատվությունը, ինչը կարևոր նշանակություն ունի ժողովրդավարական հասարակարգերի բարգավաճման համար։ Սոցիալական մեդիայի, առցանց լուրերի, ինչպես նաև հաղորդակցվելիս անմիջականորեն տեղեկատվության ներբեռնման շնորհիվ՝ հասարակությունն այժմ ունի տեղեկատվական ռեսուրսների հսկայածավալ հասանելիություն, ինչը թույլ է տալիս իրազեկ լինել տեղական և միջազգային անցուդարձերի մասին»,- ասաց Ալլելոն։
Նրա կարծիքով՝ թվային դարաշրջանում բոլորը բախվում են տեղեկատվական մանիպուլյացիաների, ուստի կարևոր է ճանաչել ու գնահատել շահարկումները, ինչը նաև մասնագիտական հմտություն է, որը թույլ է տալիս նավարկել տեղեկատվական մեծածավալ միջավայրում։
«Մեր աշխատանքն ուղղված է քաղհասարակության ակտիվությանն ու ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր բնագավառներում։ Վերջերս քաղհասարակության ներգրավման նպատակով մեդիագրագիտություն ծրագրի շրջանակում մենք կենտրոնացանք կրթական համակարգում մեդիագրագիտության խթանման վրա, ինչն արել ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ։ Համատեղ աշխատանքի արդյունքում գրանցվել են զգալի արդյունքներ։ Նման միջոցառումները քայլ առաջ են և մեզ կօգնեն մեդիագրագիտության ոլորտում մանիպուլյացիաներին դիմակայելու, համատեղ քննարկումների միջոցով մեդիան ավելի թափանցիկ ու հասանելի դարձնելու համար»,- ասաց Ալլելոն։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսն իր հերթին նշեց, որ մեդիագրագիտությունն իսկապես շատ կարևոր գործոն է, առավել ևս, որ Հայաստանում շատ մարտահրավերներ խորությամբ չեն լուսաբանվում, ուստի առկա է զանգվածային իրազեկվածության մակարդակի բարձրացման խնդիր։
«Ունենք ևս մեկ մարտահրավեր, ըստ այդմ՝ որոշ թեմաների շուրջ ակտիվորեն տարածվում է ապատեղեկատվություն։ Սա նույնպես բարդ խնդիր է, հետևաբար մեդիագրագիտությունը խթանելու նպատակով ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ իրականացնում ենք կարևոր միջոցառումներ։ Հաճելի է, որ ԱՄՆ-ի ՄԶԳ-ն՝ որպես վստահելի գործընկեր, նույնպես շարժվում է նույն ուղղությամբ։ Մասնագիտական մեդիաուղերձները թույլ են տալիս արդյունավետորեն պայքարել ապատեղեկատվության դեմ՝ խթանելով տեղեկացված քաղհասարակության մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներում։ Մենք հանձնառու ենք խորացնել մեդիագրագիտությունը Հայաստանում, ինչը նպատակ ունի աջակցել իրազեկ քաղհասարակության ձևավորմանը։ Իրագործվող ծրագրերն առանցքային նշանակություն ունեն քաղաքացիների համար»,- ասաց Հեսը։
Նա հավելեց, որ ԵՄ-ն Հայաստանում կենտրոնանում է երիտասարդության վրա, քանի որ մեդիագրագիտությունը երիտասարդների շրջանում խթանելն ուղղված է դիմակայուն ապագա ունենալուն։ Նա կարևորեց այն հանգամանքը, որ մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում միջոցառումներ կանցկացվեն նաև ՀՀ մարզերում, տարբեր խմբերի շրջանում։ Հեսի պնդմամբ՝ անհրաժեշտ է ոչ միայն ապահովել հնարավորինս լայն հասանելիություն, այլև հատկացնել գործիքակազմ, որի շնորհիվ հնարավոր է պատշաճ կերպով վերլուծել տեղեկատվությունը։