Վերլուծություն

Օգնությունը՝ կասեցված. ԱՄՆ արտաքին օգնության սառեցման ազդեցությունը

19 րոպեի ընթերցում

Օգնությունը՝ կասեցված. ԱՄՆ արտաքին օգնության սառեցման ազդեցությունը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) երկար ժամանակ եղել է մարդասիրական օգնության, տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման խթանման միջոցով ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ողջ աշխարհում առաջ մղելու ռազմավարական գործիք: Այն օգնել է մոտ 130 երկրների, որոնք, ըստ ԱՄՆ կառավարության, կամ ռազմավարական նշանակություն են ունեցել ԱՄՆ պետական շահերի տեսանկյունից, կամ հակամարտության մեջ լինելով՝ ունեցել են արտաքին աջակցության կարիք՝ հումանիտար ճգնաժամերից խուսափելու համար։

Այնուամենայնիվ, վերջին զարգացումները՝ արտաքին օգնության տրամադրման նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունները մտահոգություններ են ի հայտ բերում ԱՄՆ-ի գլոբալ ազդեցության ապագայի վերաբերյալ: Այս փոփոխությունը քննարկում է առաջացնում առ այն, թե ինչպես կարող են արտաքին օգնությունից կախված երկրները դիմանալ առանց արտաքին աջակցության, և թե ինչպես կարող է վերափոխվել ԱՄՆ-ի դերը աշխարհում։  

Նախապատմություն

ԱՄՆ ՄԶԳ-ն, որպես անկախ պետական ​​գործակալություն, գործել է 63 տարի՝ պետքարտուղարի անմիջական ղեկավարությամբ և քաղաքական ուղղորդմամբ: Այն հիմնադրվել է Սառը պատերազմի տարիներին, երբ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև լարվածությունը հասավ աննախադեպ բարձր կետի։ ԱՄՆ ՄԶԳ-ի հիմնումը մասն էր նախագահ Ջոն Ֆ. Քենեդու այն ջանքերի, որոնք ուղղված էին հակազդելու խորհրդային ազդեցությանը զարգացող երկրներում, որոնք տնտեսական և սոցիալական վատ պայմաններից ելնելով՝ կարող էին շրջվել դեպի կոմունիզմ: Մինչ դրա ստեղծումը, մի քանի օտարերկրյա օգնության գործակալություններ արդեն գոյություն ունեին։ 1961 թվականին «Արտաքին օգնության մասին» օրենքով այս գործակալությունները միավորվեցին մեկ հաստատության ներքո, որը կոչվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID):

«Ամերիկայի ժողովրդից» կարգախոսի ներքո ԱՄՆ ՄԶԳ-ն պատասխանատվություն ստանձնեց ԱՄՆ ամբողջ միջազգային օգնության տնօրինման համար: Այն սկսեց գործել աղքատությունից, հակամարտություններից և բնական աղետներից տուժած շրջաններում։ Տասնամյակների ընթացքում իրականացրել է թե՛ երկարաժամկետ զարգացման ծրագրեր, թե ճգնաժամերի արագ արձագանքման գործողություններ: Օտարերկրյա օգնությունը երկար ժամանակ ծառայել է որպես ԱՄՆ դիվանագիտության հենասյուն՝ լրացնելով ռազմական և տնտեսական գործիքներին։ 

Տարիների ընթացքում, պայմանավորված քաղաքական առաջնահերթությունների փոփոխությամբ և գլոբալ աշխարհաքաղաքական իրադարձություններով, օգնության չափը, հասցեատերերը և օգտագործման ուղղությունները փոխվել են։ Այսպես, Սառը պատերազմի գագաթնակետին արտաքին օգնությունը կազմել է դաշնային ծախսերի բավականին մեծ մասը․ 1963 թվականին արտաքին օգնությունը կազմել է դաշնային ծախսերի ընդհանուր ծավալի մոտ 4.7%-ը։ Այս ցուցանիշը կայուն անկում է գրանցել՝ հասնելով ընդհանուր դաշնային ծախսերի 0.6%-ին 1989 թվականին։

2001 թվականից ի վեր արտաքին օգնության ծավալը տարիների ընթացքում եղել է դաշնային ծախսերի ընդհանուր ծավալի 0.7%-ից 1.4%-ի միջակայքում։ Ըստ առկա տվյալների՝ 2023 թվականին ԱՄՆ-ը 68 միլիարդ դոլար է ծախսել միջազգային օգնության վրա․ այդ գումարի կեսից ավելին կազմել է բուն ԱՄՆ ՄԶԳ-ի բյուջեն, որը ԱՄՆ-ի 6.75 տրիլիոն դոլար ընդհանուր տարեկան պետական ​​ծախսերի մոտ 0.6%-ն է: 2008-2023 թվականներին արտաքին օգնության ծախսերը տատանվել են 52.9 միլիարդ դոլարից մինչև 77.3 միլիարդ դոլարի միջակայքում։

Քաղաքականություն մշակողների կողմից օգնությունը դիտվել է նաև որպես ճգնաժամերի և միգրացիոն հոսքերի կանխարգելման ռազմավարական գործիք: Ենթադրվում էր, որ, օրինակ, առողջապահական համակարգերում կամ պարենային անվտանգության ոլորտում ներդրումները նվազեցնում են ապագա հակամարտությունների կամ զանգվածային միգրացիայի հավանականությունը: Թեև այս մոտեցումը հաճախ է ներկայացվում որպես ծախսարդյունավետ, հարկ է նշել, որ տասնամյակների ընթացքում շատերն են կասկածի տակ դրել դրա հաջողությանը: Համաշխարհային տնտեսության Քիլի ինստիտուտի հետազոտության համաձայն՝ «զարգացմանն ուղղված օգնությունը հիմնականում անարդյունավետ է անկանոն միգրացիան նվազեցնելու համար», և որ «միայն օգնության անիրատեսական մեծ աճը կարող է կանխել անկանոն միգրացիայի մեծ մասը»: Մինչ արտաքին օգնության ամբողջական սառեցումը, եղել են իրավիճակներ, երբ Միացյալ Նահանգները որոշել է  ժամանակավորապես դադարեցնել կամ վերահղել արտաքին օգնությունը՝ որպես քաղաքական ճնշման ձև կամ որպես արձագանք քաղաքական նոր ձևավորվող իրողություններին: 

«Առաջին հերթին Ամերիկան» և արտաքին օժանդակության ապագան

Դոնալդ Թրամփը միշտ է եղել արտաքին օգնության տրամադրման քննադատ՝ պնդելով, որ այն չի հանգում ամերիկացիների հարկերի արդյունավետ օգտագործմանը և որ այդպես ֆինանսավորում են կառավարություններին, որոնք չեն պատասխանում փոխադարձ հավատարմությամբ կամ ռազմավարական համագործակցությամբ: Դեռ 2017 թվականին եղավ նախաձեռնություն 31%-ով կրճատել Պետդեպարտամենտի և ԱՄՆ ՄԶԳ-ի բյուջեն։ Չնայած նրան, որ Կոնգրեսը մերժեց այս առաջարկը, այնուամենայնիվ, Թրամփին հաջողվեց դադարեցնել կամ սառեցնել օգնությունը մի քանի երկրներին: 

2024 թվականի իր նախընտրական քարոզարշավում Թրամփը ուժգնացրեց իր հռետորաբանության կոշտությունը՝ խոստանալով կրճատել վատնվող արտաքին օգնությունը և վերաներդնել այդ միջոցները ներքին խնդիրների լուծման մեջ: Նախագահի պաշտոնին վերադառնալով՝ Թրամփն անցավ նախընտրական խոստումների իրագործմանը։ Հարցականի տակ դնելով կառույցի ծախսարդյունավետությունը՝ նա ստորագրեց արտաքին օժանդակության՝ 90 օրով կասեցման N14169 գործադիր որոշումը՝ իրականացվող ծրագրերի համապարփակ վերանայում անցկացնելու համար: Կարճ ժամանակ անց հայտարարվեց, որ աշխատուժի զգալի կրճատումներով այն կմիավորվի Պետդեպարտամենտի հետ։

Այս որոշման օրինականությունն անմիջապես վիճարկվեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործակալության ստեղծման մանդատը «Արտաքին օգնության մասին» օրենքով պատկանում է Կոնգրեսին։ Չնայած նախաձեռնված դատական գործընթացներին, որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։

ԱՄՆ ՄԶԳ-ն, ըստ Թրամփի, կառավարվում էր «ցնորված արմատականների» կողմից, իսկ ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը կազմակերպությունը պիտակավորել է որպես «հանցավոր»։ Սպիտակ տան պաշտոնական հայտարարության համաձայն՝ ԱՄՆ ՄԶԳ-ն տասնամյակներ շարունակ հարկատուների գումարները վատնել է այնպիսի «անլուրջ և չար նախաձեռնությունների» վրա, ինչպիսիք են բազմազանության, հավասարության և ներառականության խթանումը, LGBTQ+ նախաձեռնությունները, արվեստի ֆինանսավորումը, բնապահպանական միջոցառումները և այլն։ 

Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ գործող վարչակազմն ամենևին էլ չի թերագնահատում այն նշանակալի ազդեցությունը, որ կարող է ունենալ արտաքին օգնությունը. այս կապակցությամբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գրում է. «Ճիշտ կիրառվող արտաքին օգնությունը կարող է առաջ մղել մեր ազգային շահերը, պաշտպանել մեր սահմանները և ամրապնդել մեր գործընկերությունը հիմնական դաշնակիցների հետ»։

Քննադատները պնդում են, որ նման կրճատումները կարող են թուլացնել ԱՄՆ դիվանագիտական ​​ներգրավվածությունը աշխարհում՝ ստեղծելով ռազմավարական հնարավորություններ մրցակից տերությունների, օրինակ՝ Չինաստանի համար՝ ընդլայնելու իրենց միջազգային ազդեցությունը։ Ըստ քաղաքագետ Թոմաս Պեպինսկու՝ ՄԶԳ-ն փակելու որոշումը «հիմնարարապես անհամատեղելի է Միացյալ Նահանգների ազգային շահերի հետ … ՄԶԳ-ն եղել է ԱՄՆ դիվանագիտության հաստատուն աջակից»։

ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեությունը Հայաստանում

Անդրադառնալով Հայաստանին՝ անհրաժեշտ է արձանագրել, որ հայ-ամերիկյան հարաբերություններում արտաքին օժանդակության գործոնը միշտ է ունեցել առանձնակի կարևոր նշանակություն ու դեր։ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում գործել է 1992 թվականից, ակտիվ ներդրումներ է կատարել ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական առաջընթացի, առողջապահության, կրթության զարգացման, ընտրական գործընթացների բարելավման, դատական և տեղական ինքնակառավարման բարեփոխումների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայացման մեջ և այլն։

Գյուղական համայնքներում առկա տնտեսական մարտահրավերները լուծելու և համաչափ զարգացում խրախուսելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն մասնակցել է «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID PRP) և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (USAID/ARDI) նախագծերի՝ ավելի քան 150 համայնքներում իրականացմանը։ «Մաքուր էներգիա և ջուր» (CEWP) ծրագրի շրջանակներում 5.6 միլիոն դոլարի ներդրում է կատարվել Հայաստանի էներգետիկ և ջրային անվտանգությունը բարձրացնելու նպատակով: 

Microsoft RA-ի հետ համագործակցությամբ ԱՄՆ ՄԶԳ-ն ստեղծել է Microsoft Innovation Center-ը (MIC)՝ Հայաստանում տեխնոլոգիաներն ու նորարարությունը խթանելու համար։ Կենտրոնի նպատակն է խթանել օտարերկրյա ներդրումները և խրախուսել նոր խաղացողներին մուտք գործել տեղական շուկա՝ նպաստելով մասնավոր հատվածի աճին։

Վերջին երկու տասնամյակների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն կարևոր դեր է խաղացել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանն աջակցելու գործում՝ ընտրական բարեփոխումների, ոստիկանության արդիականացման և կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերի վրա կենտրոնացած նախաձեռնությունների միջոցով։

2018 թվականին ՄԶԳ-ն ստորագրեց 8.6 միլիոն դոլարի չորս տարվա պայմանագիր Հայաստանի հետ՝ ընտրական գործընթացների ամբողջականությունը բարելավելու համար։ Այս նախաձեռնության նպատակն էր ամրապնդել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարողությունները, խթանել ընտրողների կրթությունը և աջակցել թափանցիկ ընտրությունների կազմակերպմանը։ Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հետ՝ Հայաստանում ընտրական գործընթացները և քաղաքական հաշվետվողականությունը խթանելու համար։

ՄԶԳ-ն, ԱՄՆ Արդարադատության քարտուղարության Միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման աջակցության կենտրոնի (ICITAP) հետ համագործակցությամբ, աջակցել է Հայաստանում ոստիկանության համապարփակ բարեփոխումներին, իրականացրել ոստիկանության մեթոդաբանությունների արդիականացման, հաշվետվողականության և պրոֆեսիոնալիզմի բարձրացման միջոցառումներ, աջակցել Պարեկային ծառայության ստեղծմանը։ 

ԱՄՆ ՄԶԳ-ն իրականացրել է նաև «Հայաստանի ամբողջականության նախագիծը» (AIP)՝ կոռուպցիայի դեմ պայքարելու և լավ կառավարումը խթանելու համար: Այս ծրագիրը նպատակային օգնություն է տրամադրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Արդարադատության նախարարությանը, աջակցել կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ ռազմավարության մշակմանը և անձնակազմի կարողությունների զարգացմանը: 

Կառույցը նաև զգալի ներդրումներ է կատարել Հայաստանում մեդիա ոլորտի զարգացման մեջ՝ նպատակ ունենալով բարձրացնել լրագրողական ստանդարտները, խթանել հանրային շահի մեդիայի ֆինանսական կայունությունը և պայքարել ապատեղեկատվության դեմ։

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի հումանիտար ճգնաժամին արձագանքելով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանում ապաստան գտած անձանց։ Մասնավորապես, 2024 թվականի փետրվարին տրամադրվել է լրացուցիչ 1 միլիոն դոլար։ Այս միջոցներով աջակցություն է ստացել շուրջ 19,300 տեղահանված անձ՝ ապաստանած Արարատի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերում և Երևանում։ Աջակցությունը ներառել է սննդի, հիգիենայի պարագաների տրամադրում, ինչպես նաև հոգեբանական աջակցություն՝ տեղահանության հետևանքով առաջացած տրավմաները մեղմելու նպատակով։

Բացի այդ, 2024 թվականի ապրիլին ԱՄՆ ՄԶԳ-ն հայտարարեց մոտ 8.5 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ տեղահանված անձանց բնակարանային կարիքները հոգալու և հոգեսոցիալական աջակցություն տրամադրելու համար: 

Վերջաբան

Այն երկրները, որոնք կախված են ԱՄՆ-ի օգնությունից, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը և ենթակառուցվածքները, ամենայն հավանականությամբ արդեն իսկ բախվում են մեծ դժվարությունների, որոնք կարող են վերաճել աղետալի իրողությունների, եթե այլընտրանքային աջակցության մեխանիզմներ չգտնվեն:

ԱՄՆ արտաքին օգնության ապագան այժմ մեծապես կախված է ներքին քաղաքական զարգացումներից. օգնությունը կարող է մասամբ կամ ամբողջությամբ վերականգնվել, եթե այն համապատասխանեցվի ավելի լայն ռազմավարական նպատակներին կամ եթե որոշումը դատական կարգով որակվի ոչ օրինական և պարտադրվի վերականգնել օժանդակությունը, ինչը, սակայն, քիչ հավանական է։ Մասամբ վերականգնումը կարող է նաև կախված լինել օգնություն ստացող երկրների հետագա քաղաքականությունից. ի՞նչ կարող են առաջարկել նրանք ԱՄՆ-ին օգնության դիմաց։ Այս որոշումը ցույց է տալիս ԱՄՆ-ի՝ փափուկ ուժից դեպի ավելի գործարքային և անվտանգության վրա կենտրոնացված մոտեցման անցումը։

Արտաքին օժանդակության կրճատման քաղաքականությունն, իհարկե, ամենևին էլ անկանխատեսելի չէր, բայց անսպասելի էր այն ծավալը, որով դա իրականացվեց։ Թրամփի համար առաջնահերթություն է, որ ցանկացած արտասահմանյան ծախս համահունչ լինի իր հռչակած «Առաջին հերթին Ամերիկան» սկզբունքին։ Վարչակազմի պնդմամբ՝ արտաքին օգնության շատ ծրագրեր ամենևին չեն համապատասխանել ամերիկյան շահերին և արժեքներին, ավելին՝ առաջ են մղել ձախակողմյան, ծայրահեղական օրակարգ։ Արտաքին օժանդակության հետագա տրամադրումն արդեն լինելու է բացառապես ռազմավարական խորը ու բազմաշերտ վերահաշվարկներով և բյուջետային խիստ հսկողությամբ։ 

Վաշինգտոնի զարգացող առաջնահերթություններին համընթաց՝ պետք է փնտրել երկկողմ ներգրավվածության այլընտրանքային ձևեր՝ կայուն համագործակցության ապահովման համար։ 2025 թվականի հունվարին ստորագրված Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության խարտիան, չնայած նախորդ վարչակազմի հետ ստորագրված լինելու փաստին, հնարավորություն է ստեղծում ձևավորել երկկողմ հարաբերությունների նոր փուլի շրջանակ՝ շեշտը դնելով համագործակցության վրա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանությունը, էներգետիկան և տնտեսական զարգացումը։ Թրամփի արտաքին քաղաքականությունը կառուցվում է «գործարքներ կնքելու» և տնտեսական փոխադարձության տրամաբանության շուրջ։ Այս նոր իրողությունների պայմաններում Հայաստանը պետք է վերանայի իր մոտեցումները և նախապատվությունները՝ կենտրոնանալով փոխշահավետ առաջարկների մշակման վրա։ Համագործակցության դասական մոդելներից դուրս գալը կարող է դառնալ հնարավորություն, այլ ոչ թե սահմանափակում։ Պետք է ձևավորել համոզիչ և գործնական օրակարգ, որով հնարավոր կլինի հետաքրքրել Միացյալ Նահանգներին՝ որպես հուսալի գործընկեր ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մակարդակում։ 

Պետք է կենտրոնանալ այն ոլորտների վրա, որտեղ ներդրումներով ԱՄՆ-ն ոչ միայն կաջակցի Հայաստանի զարգացմանը, այլև կկարողանա գտնել ամերիկյան շահերի համար փոխշահավետ արդյունքներ ստեղծելու ներուժ։ Ընդլայնված համագործակցության նոր ոլորտ կարող է հանդիսանալ Հայաստանի արագ զարգացող  տեխնոլոգիական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։ Հայաստանը կարող է մի քանի հիմնական առավելություններ առաջարկել ԱՄՆ-ին՝ տնտեսական համագործակցության և գործընկերության ընդլայնման առումով: Հայաստանն ունի բարձրագույն կրթությամբ, տեխնոլոգիապես գրագետ աշխատուժ, ունի ռազմավարական դիրք` Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, ինչը այն դարձնում է առևտրի և լոգիստիկայի լավ  կենտրոն, մասնավորապես՝ Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում ընդլայնվել ցանկացող ամերիկյան ընկերությունների համար։ Հայաստանը հարուստ է հանքային պաշարներով, այդ թվում՝ պղնձով, մոլիբդենով և ոսկով: ԱՄՆ հանքարդյունաբերության և բնական պաշարների արդյունահանման ընկերությունները կարող են օգտվել այս նյութերին հասանելիությունից։ Համագործակցության այս ոլորտները հիմք կարող են հանդիսանալ Հայաստանի համար՝ երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ի համար արժեքավոր գործընկեր լինելու համար, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը ձգտում է ամրապնդել իր կապերն արևմտյան երկրների հետ։  

Մարիամ Խուրշուդյան (Օրբելի կենտրոն)

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում