ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է շարունակել 400 մլն դոլար արժողությամբ պարահանդեսային սրահի շինարարությունը
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Գերագույն դատարանն օգոստոսի 31-ին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլատրել է շարունակել Սպիտակ տան տարածքում 400 միլիոն դոլար արժողությամբ պարահանդեսային սրահի շինարարությունը՝ չնայած ընթացող դատաքննություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը:
Որոշումը, որն ընդունվել է նվազագույն մեծամասնությամբ, փոխարինել է ժամանակավոր արգելքին, որը պետք է ուժի մեջ մտներ առաջիկա օրերին։
Դատարանը որոշել է, որ Պատմական ժառանգության պահպանման ազգային հիմնադրամը բավարար իրավական հիմքեր չունի նախագիծը վիճարկելու համար։ Որոշման մեջ նշվում է, որ պարահանդեսային սրահի կառուցումն անհրաժեշտ է պլանավորված ստորգետնյա ռազմական օբյեկտի անվտանգությունն ապահովելու և ավելի պաշտպանված շինությունում խոշոր միջոցառումներ անցկացնելու համար։
Թրամփը ողջունել է դատարանի որոշումը՝ հայտարարելով, որ նախագիծը կիրականացվի «առանց հետագա պայմանների ու սպառնալիքների»։
Պատմական ժառանգության պահպանման ազգային հիմնադրամը հիասթափություն է հայտնել որոշման առնչությամբ՝ նշելով, որ այն չի վերաբերում կազմակերպության հիմնական փաստարկին, այն է՝ նախագահը Սպիտակ տան վերակառուցման լիազորություններ չունի՝ առանց Կոնգրեսի համաձայնության:
Ավելի վաղ դաշնային դատարանները որոշում էին կայացրել դադարեցնել օբյեկտի վերգետնյա հատվածի շինարարությունը: Վերաքննիչ դատարանը հաստատել էր այս որոշումը, սակայն Թրամփի կողմից նշանակված դատավորը հայտարարել է, որ հիմնադրամը դատական հայց ներկայացնելու իրավունք չունի։
Վարչակազմը պնդում է, որ աշխատանքները կարևոր նշանակություն ունեն ազգային անվտանգության համար։
Դատարանի նյութերում նշված է, որ շինարարությունը շարունակվում է շուրջօրյա, իսկ նախագծի ավարտը պլանավորված է 2028 թ. օգոստոսին։