Արաղչին ՇՀԿ գագաթնաժողովի իր հանդիպումներում շեշտել է ԱՄՆ-ի կողմից Իսլամաբադի հուշագրին վերադառնալու անհրաժեշտությունը
2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի առաջին օրվա իր հանդիպումներին և քննարկումներին, նշել է, որ բոլոր հանդիպումներում ընդգծվել է իրանցի ժողովրդի՝ իր իրավունքները պաշտպանելու վճռականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Նախարարը հավելել է, որ հանդիպումների ընթացքում նաև քննարկվել են ԱՄՆ-ի հարձակումները և դրա հետևանքները, և որ ԱՄՆ-ն պետք է վերադառնա իր պարտավորություններին և Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրին։
«Քննարկվել է նաև ԱՄՆ-ի ագրեսիայի և դրա հետևանքների հարցը։ Մենք ընդգծել ենք, որ իրանցի ժողովուրդը կշարունակի պաշտպանել իր իրավունքները, և այս կետը շեշտվել է բոլոր հանդիպումներում», - նշել է նախարարը։
«Բոլոր հանդիպումներն ու զրույցները լուրջ էին և լիովին օբյեկտիվ, հեռու ձևականություններից։ Քննարկվեցին տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության թեմաներ և ոլորտներ», - հավելել է նա։
Արաղչիի խոսքով՝ հանդիպումների ժամանակ շեշտվել է, որ Միացյալ Նահանգները պետք է կատարի իր պարտավորությունները և հետևի փոխըմբռնման հուշագրի կետերին. միայն այդ դեպքում հնարավոր կլինի դուրս գալ այս իրավիճակից, քանի որ բոլոր երկրները ձգտում են պատերազմն ավարտել հնարավորինս արագ։
«Մենք հստակեցրել ենք, որ լուծումը լիովին պարզ և կոնկրետ է. Միացյալ Նահանգները պետք է կատարի իր պարտավորությունները և իր նախագահի կողմից ստորագրված համաձայնագիրը», - նշել է նախարարը:
Աբբաս Արաղչին Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ է վարել Չինաստանի, Ադրբեջանի, Պակիստանի իր գործընկերների հետ, ինչպես նաև խմբային զրույց է անցկացրել Ռուսաստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հետ։