ՌԴ ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Իսրայելի և Իրանի միջև լարվածության առնչությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունը խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի միջև շարունակվող պայթյունավտանգ էսկալացիայի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։

«Մենք խորապես անհանգստացած ենք Իսրայելի և Իսլամական Հանրապետության միջև շարունակվող պայթյունավտանգ էսկալացիայի կապակցությամբ, որը տարածաշրջանում կայունության և անվտանգության համար իրական սպառնալիքներ է ստեղծում», - ասվում է ՌԴ ԱԳՆ կայքի մեկնաբանության մեջ:

Հայտարարության համաձայն՝ ակնհայտ է, որ վերոնշյալի արմատական ​​պատճառը պաղեստինա-իսրայելական չլուծված հակամարտությունն է՝ հիմնված Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հայտնի որոշումների վրա, ինչը անընդհատ աճող լարվածություն է հրահրում։

«Մենք ծայրահեղ անհրաժեշտ ենք համարում Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի արագ կարգավորումը, որը կբավարարի բոլոր խելամիտ խաղացողների շահերն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», - հավելել է Մարիա Զախարովան։

Իսրայելը հոկտեմբերի 26-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանին։

«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Fars-ը, Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խոսնակ Ջաֆար Յազերլուն տեղեկացրել էր, որ հարվածների հետևանքով չվերթները չեղարկվել են։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ ավիահաղոդակցությունն արդեն վերականգնվել է։ 

«Օդային երթևեկությունը սովորական ռեժիմի է վերադարձել առավոտյան ժամը 9։00-ից»,- ասել էր Յազերլուն:

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու նպատակով։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։

Fars լրատվական գործակալությունը պնդել է, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի շարք ռազմակայանների վրա, իսկ Tasnim լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի մայրաքաղաքի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմական կենտրոնները չեն տուժել։

 

 

Հայերեն فارسی Русский

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ինը ամիսներին աճել է 2.7 տոկոսով

Սևան համայնքը հյուրընկալել է COP17-ի համաժողովի մասնակիցներին

Հայաստան կժամանի Նիդեռլանդների ԱԳ նախարարը