Ռուսաստան

Գուտերեշը Պուտինին ասել է, որ Ուկրաինայում պատերազմը միջազգային օրենքի խախտում է

2 րոպեի ընթերցում

Գուտերեշը Պուտինին ասել է, որ Ուկրաինայում պատերազմը միջազգային օրենքի խախտում է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում ընթացող պատերազմը, Սև ծովում նավագնացության ազատությունը, իրադրությունը Մերձավոր Արևելքում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը։

«Գլխավոր քարտուղարը կրկնել է իր դիրքորոշումն այն մասին, էր Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային օրենքը», - գրված է հաղորդագրության մեջ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպման ընթացքում արտահայտվել է նաև Սև ծովում նավագնացության ազատության ապահովման օգտին։

«Գլխավոր քարտուղարն իր համոզմունքն է հայտնել, որ Սև ծովում նավագնացության ազատության ապահովումն առաջնահերթ նշանակություն ունի Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև համաշխարհային պարենային և էներգետիկ անվտանգության համար։ Նա լիովին աջակցում է այս հարցի շուրջ բանակցությունների շարունակությանը», - հայտնել է Գուտերեշի գրասենյակը։

Գուտերեշը և Պուտինը նաև քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես նշելով «Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի բացարձակ անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանում լարվածության հետագա սրացումից խուսափելու անհրաժեշտությունը»։ Կողմերի քննարկման թեմաներից է եղել նաև միջազգային ֆինանսական համակարգը։

ԲՐԻԿՍ-ի երկրների գագաթնաժողովն անցկացվել է հոկտեմբերի 22-24-ը ՌԴ Կազան քաղաքում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում