Թող ինձ հիշեն հումորով, հուզվող ու ուժեղ. Հռիփսիմե Խուրշուդյան

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց ծանրամարտը Հայաստանում տարիների ընթացքում առավել մեծ հետաքրքրություն սկսեց առաջացնել, և հիմա ծանրամարտով զբաղվում են երկու անգամ ավելի շատ աղջիկներ, քան մոտ 15 տարի առաջ էր: Հայկական ծանրամարտում բեկումնային եղան երկու անուններ` Հռիփսիմե Խուրշուդյան, Նազիկ Ավդալյան:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հռիփսիմե Խուրշուդյանը խոսել է կարիերան ավարտելու որոշման, անցած բազմաբովանդակ ճանապարհի ու մարզաձևի առանձնահատկությունների մասին:

-Հռիփսիմե, սկսելով ամենասկզբից` ինչպե՞ս եղավ ձեր «ծանոթությունը» ծանրամարտի հետ և ո՞վ էր այն մեկն, ով Ձեզ բերեց ծանրաձողին մոտ:  

-Քույրս է եղել այն մեկն, ով ինձ «ծանոթացրել է» ծանրամարտի հետ: Նա է եղել այն շարժառիթը, որ զբաղվեմ ծանրամարտով: Ծնողներիցս թաքուն նա էր հաճախում ծանրամարտի: Դասերից հետո ուշ էր տուն գալիս, ես էլ հետաքրքրվեցի, թե այդ ո՞ւր է գնում: Հետո նա ինձ իր հետ տարավ, ու ես էլ հետևում էի միայն դռան արանքից: Եվ մարզիչն, ում հետ առաջինը սկսեցի աշխատել` Սարմեն Եսայանը, տեսնելով ինձ դռան արանքից հետևելիս` կանչեց ներս: Հետո տվյալներս ստուգեց` ձեռքերս, արմունկներս, որոնք ամենակարևորն են ծանրամարտում։ Ստուգելուց հետո ասեց, որ ներուժ ունեմ պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու: Մարզիչը խոսեց ծնողներիս հետ, բայց մայրս դեմ էր, հարազատներս դեմ էին, միայն հայրս էր, որ աջակցեց ինձ: Առաջին մրցումներին  էլ մասնակցել եմ Փաշիկ Ալավերդյանի շնորհիվ: Այն ժամանակ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը Իշխան Զաքարյանն էր: Հարց էր առաջացել, թե ինչո՞ւ պետք է գնամ մրցումների, և ընկեր Փաշիկն ասել էր, որ Հռիփսիմեն պետք է գնա ու ունակ է մեդալ բերելու: Նա ասել էր, որ կհեռանա մարզաձևից, եթե ես չկարողանամ մեդալ բերել։ Շատ լավ էր, որ կարողացա մեդալով վերադառնալ:  

-Դուք առաջին կին ծանրորդներից էիք, որ դեմ գնացիք հասարակական այն կարծիքին, թե «ծանրամարտը կնոջ մարզաձև չէ» և մնացիք` ապացուցելով, որ կինը ևս կարող է ուժեղ լինել, կինը կարող է մնալ կանացի ու զբաղվել այս մարզաձևով: Որքանո՞վ էր դժվար այդ ճանապարհն անցնելը: 

-Իսկապես շատ դժվարությունների առաջ եմ կանգնել այդ ճանապարհին: Բոլորն ասում էին, որ հետագայում մայրանալու հարց կա, և ծանրությունն աղջկա համար չէ: Գիտես, նույնիսկ պահեր էին լինում մարզումներից հետո, որ երկմտում էի՝ գուցե, մյուսները ճիշտ են: Սակայն, ոչ: Եթե ուզում եք, որ ձեր անունը մնա սպորտում, պետք է առաջ գնաք: Ու նպատակ էլ կար, որ ծանրամարտով զբաղվող աղջիկները շատանան:  

-Շատ երկար քննարկվեց  դոպինգ սկանդալը, բայց դա արդեն անցյալում է, իսկ ժողովուրդը շարունակում է Ձեզ սիրել: Եկեք բացենք փակագծերը: Ի՞նչ տեղի ունեցավ և ո՞րն էր այն սխալը, որը չպետք է արվեր:

-Ես մինչև օրս ասում եմ, որ այդ ամենը ինձ հետ չպետք է տեղի ունենար: Այդքան տանջանքներից, այդքան մրցաշարերում մեդալներ նվաճելուց հետո գալիս է մեկն ու վերցնում ամենը: Բոլորի համար դա անցյալ է, սակայն ինձ համար մնում է ցավոտ թեմա: Ցավոք, այլևս չեն ասում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյան, այլ պարզապես՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Շատ մեծ ափսոսանք ունեմ: 

-Համաշխարհային սպորտում բացառիկ են այն մարզիկները, որոնք, սպորտից հեռանալով, կրկին իրենց մեջ վերադառնալու ուժ են գտնում: Ինքներդ Ձեզ ապացուցելու բան ունեի՞ք, որ վերադարձաք: 

-Երբ վերադարձա, ահավոր բարդ էր․ շատ վնասվածքներ ստացա հենց վերադարձից հետո: Բալիկներ ունենալուց հետո իմ մկանային համակարգն այլ էր, ամբողջությամբ փոխվել էր: Կարծում էի, որ առաջվա Հռիփսիմեն եմ, բայց, ոչ: Այս ընթացքում թե՛ փորձությունների միջով եմ անցել, թե՛ վնասվածքներն եմ հաղթահարել: Սակայն խոստում էի տվել, որ Հայաստանի դրոշը նորից բարձրացնելու եմ միջազգային հարթակներում: 

-Եթե մեկ խորհուրդ տայիք այն 15-16-ամյա աղջկան, որ նայում էր ծանրամարտի մարզումները դռան արանքից, ի՞նչ կասեիք։ 

-Գնա և ևս մեկ անգամ էլ դռան արանքից նայիր: Միշտ ասում եմ՝ երանի մի օր արթնանամ ու նորից 20 տարեկան լինեմ:  

-Ի՞նչ է տվել Ձեզ ծանրամարտը: 

-Ամեն ինչ՝ դաստիարակություն, համեստություն, մեծին հարգել, փոքրին հարգել: Ամեն ինչ, ինչ ինքս եմ ուզել: 

-Իսկ ի՞նչ է վերցրել Ձեզանից:

-Վերջին երկու տարիների ընթացքում միայն առողջությունս:

-Եթե հնարավորություն ունենայիք կարիերայում  ինչ-որ բան փոխելու,  ի՞նչը  կփոխեիք:

-Միայն 2016 թվականի այդ չարաբաստիկ խոսքը՝ «դուք որակազրկված եք»:

-Ո՞րն է ծանրամարտի գեղեցկությունը, որը տեսանելի է Ձեզ համար, քանի որ ամեն օր մարզաձևի մեջ եք:

-Միշտ կա մեդալի հակառակ կողմը: Ոչ մեկ չի տեսնում այն տանջանքը, որի միջով մենք անցնում ենք մինչև մեդալին հասնելը: Կարծում եմ` գեղեցկությունը նրանում է, որ փառքի հասնելուց հետո բոլորին գեղեցիկ ձևով ցույց ես տալիս այն դժվարությունները, որոնց միջով անցնել ես: 

-Տաղա՞նդն է կարևոր, թե՞ աշխատասիրությունը։ Թե՞ կա ոսկե միջին:

-Միայն երկուսի համադրությունը:  

-Եթե չլիներ ծանրամարտը, ի՞նչ կընտրեիք:

-Միայն ծանրամարտ: 25 տարի է՝ այս մարզաձևում եմ: 

-Այժմ աշխատանքի եք անցել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում: Բացելով փակագծերը` ի՞նչ աշխատանք եք անում այնտեղ:

-Հետաքրքրին այն է, որ ծանրամարտից դուրս աշխատանք եմ անում, բայց կրկին սպորտի մեջ եմ: ՀԱՕԿ-ում համակարգում եմ կանանց բաժինը` սպորտը և կանայք: 

-Ներկա լինելով Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությանը՝ տեսա Ձեր վերջին մոտեցումը ծանրամարտում: Եկեք խոսենք այդ մասին: Ի՞նչ գիտակցմամբ էիք մոտենում ծանրաձողին:

-Փետրվարին, երբ վերջին հավաքներն էին տեղի ունենում, ցավերի պատճառով չէի կարողանում մարզվել: Ամուսինս` Տարոնը, համոզելով, որ կարող եմ, որ հավատում է ինձ՝ օգնեց հասնել այդ մրցաշարին: Որքան ուժ ունեի ներդրել եմ: Այն ինչ արեցի այնտեղ, այն կիլոգրամները, որ բարձրացրեցի, նախորդ մեկ ամսում չէի էլ բարձրացրել: Եվ երբ արդեն հանել էի կոշիկներս ու հրաժեշտ էի տվել ծանրամարտին, չգիտեի, որ Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ եմ նվաճել: Մյուսներն էլ նույն քաշը բարձրացրեցին, բայց քանի որ ես էի առաջինը բարձրացրել, դարձա բրոնզե մեդալակիր: 

-Հռիփսիմե, ինչպե՞ս կուզեք, որ Ձեզ հիշեն սպորտը թողնելուց հետո:

-Թող ինձ հիշեն հումորով, հուզվող ու ուժեղ Հռիփսիմե:

-Եթե հնարավորություն ունենայիք հայոց պատմության որևէ կերպարի հետ զրուցելու, ո՞ւմ կընտրեիք:

-Չգիտեմ, անկեղծ չգիտեմ: Գուցե, Վարդան Մամիկոնյանի: Ինչպես ասվում է հայտնի հումորային հաղորդման մեջ. «Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»: 

-Եթե տեսնեիք Աստծուն, ի՞նչ կասեիք: 

-Շնորհակալություն, շնորհակալություն ամեն լուսաբացի համար:

-Հռիփսիմե, ի սրտե շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար:

 

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում