Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում, ինչի մասին կարող ենք հիմնավորումներ ներկայացնել միջազգային գործընկերներին. Փաշինյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Սահմանադրության մեջ չկան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, Հայաստանը պատրաստ է այդ մասին մանրամասն գրավոր հիմնավորումներ տրամադրել այս հարցով հետաքրքրվող բոլոր միջազգային գործընկերներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ:

«Ադրբեջանը, սակայն, պնդում է, թե Խաղաղության պայմանագրին խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որն իբրև թե տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Առանց մանրամասներին տրվելու ասեմ, որ մեր Սահմանադրության մեջ նման բան չկա, չկան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ և ավելի մանրամասն գրավոր հիմնավորումներ կարող ենք տրամադրել այս հարցով հետաքրքրվող մեր բոլոր միջազգային գործընկերներին: Ասեմ ավելին, Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի Հանրապետության նկատմամբ և սրա մասին էլ կարող ենք գրավոր հիմնավորումներ ներկայացնել հարցով հետաքրքրվող մեր բոլոր միջազգային գործընկերներին:

Բայց ուշադրություն դարձրեք. մենք Ադրբեջանի Սահմանադրությունը Խաղաղության պայմանագրի խոչընդոտ չենք համարում այն պարզ պատճառով, որ Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում ունենք ձևակերպում, որ լուծում է խնդիրը և այդ ձևակերպումը հետևյալն է. «Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները՝ որպես հիմնավորում սույն Համաձայնագրի չկատարման համար»: Հետևաբար, պայմանագրի ստորագրումը կհասցեագրի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի մտավախությունները և իրավական երաշխիքներ կստեղծի դրանց հիմնարար հասցեագրման համար»,- նշեց Հայաստանի վարչապետը: 

Նա ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածներն, ըստ էության, խաղաղության, միմյանցից տարածքային պահանջներ չունենալու և ապագայում նման պահանջներ չստեղծելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, խաղաղության պայմանագրի իրագործումը վերահսկող միացյալ հանձնաժողով ստեղծելու, միմյանց ներքին գործերին չխառնվելու, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և այլ կարևոր դրույթներ են պարունակում:

«Խաղաղության համաձայնագրի ստորագրումն արդեն համաձայնեցված հոդվածներով զգալիորեն կհեշտացնի չհամաձայնեցված հարցերի լուծումը։ Խաղաղության համաձայնագրի նախագծի արդեն համաձայնեցված մասերը դրա համար գործիքներ են ստեղծում. դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվելիք դիվանագիտական հարաբերություններն են, իսկ երկրորդը` խաղաղության համաձայնագրի իրականացումը վերահսկող Հայաստան-Ադրբեջան համատեղ հանձնաժողովը։ Նկատի ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե խաղաղության առկայությունն առաջարկվող Համաձայնագրի ստորագրմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կհանգեցնի մեր կառավարությունների և ժողովուրդների ընդհանուր մթնոլորտի և ընկալման փոփոխության, ինչն էապես կնպաստի մնացած խնդիրների լուծմանը։

Վարչապետի խոսքով՝ եթե ՀՀ Սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում այն երկրի խորհրդարանում վավերացնելու խոչընդոտ չի լինի և այստեղ է, որ ի հայտ է գալիս մի չափազանց կարևոր հանգամանք:

«Երբ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը դիտարկում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանելու տեսանկյունից, ստանում ենք հետևյալ պատկերը: Համաձայն Հայաստանի Սահմանադրության` Սահմանադրությանը հակասող համաձայնագրերը չեն կարող վավերացվել: Եվ ինչպես մնացած դեպքերում, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո մենք այն պետք է ուղարկենք Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս պարզի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (թեև մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ), այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար:

Իսկ եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում այն մեր երկրի խորհրդարանում վավերացնելու խոչընդոտ չի լինի և այստեղ է, որ ի հայտ է գալիս մի չափազանց կարևոր հանգամանք: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակայություն ՀՀ ներքին օրենսդրության նկատմամբ, և հետևաբար, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումից ու վավերացումից հետո եթե նույնիսկ լինեն տեսականորեն օրենքներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես տարածքային հավակնություններ, այդ օրենքները ստորադաս կլինեն Հայաստան-Ադրբեջան Խաղաղության պայմանագրին և ինքնաբերաբար չեն ունենա իրավական ուժ: Նույն տրամաբանությունն, իհարկե, կգործի Ադրբեջանի պարագայում»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը: 

 

Հայերեն العربية English Español ქართული Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում