Մարզեր

Ալավերդիում շահագործման հանձնվեց Սանահին թաղամասի հետ ավտոմոբիլային կապն ապահովող կամուրջը

2 րոպեի ընթերցում

Ալավերդիում շահագործման հանձնվեց Սանահին թաղամասի հետ ավտոմոբիլային կապն ապահովող կամուրջը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ալավերդիում շահագործման հանձնվեց նոր կամուրջը, որի շնորհիվ հնարավոր կլինի ավտոմեքենաների անցանելիություն ապահովել Ալավերդի քաղաքի և դրա Սանահին թաղամասի միջև։ 

Թաղամասի և Ալավերդի քաղաքի միջև ավտոմոբիլային կապը կտրվել էր այս տարվա մայիսին Լոռու մարզում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղից հետո, որի հետևանքով փլվել էր քաղաքի հետ թաղամասի կապն ապահովող միակ կամուրջը։  

Կամուրջը կառուցվել է Իրանի կառավարության աջակցությամբ, կառուցման աշխատանքներն էլ իրականացրել է իրանական ընկերությունը։ 

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սանահին թաղամասն աղետից հետո փաստացի միակ թաղամասն էր, որտեղ մեքենայով հասանելիություն չկար։  «Մնացած բոլոր բնակավայրերում, որտեղ կամուրջներ էին քանդվել, մենք որոշակի ժամանակավոր լուծումներ գտել ենք, և բոլոր տեղերում որոշակի հասանելիություն կա։ Աղետից հետո մինչև այսօր կամուրջ չկար և միայն հետիոտնային հասանելիություն կար։ Սա իսկապես կարևոր իրադարձություն է»,- նշեց Սանոսյանը՝ աջակցության համար շնորհակալություն հայտնելով Իրանի կառավարությանը և Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին։ 

Սանոսյանը հստակեցրեց, որ կամուրջը իր բնույթով ժամանակավոր է, այն քանդվող-հավաքվող է, սակայն կարող է ծառայել նաև որպես հիմնական կամուրջ, քանի որ պարամետրերը բավականին լավն են։ «Հետագայում կհասկանանք՝ ինչպես վարվել»,- հստակեցրեց Սանոսյանը՝ նշելով, որ կարևորն այն է, որ այս պահին լուծել են Ալավերդի քաղաքի հետ Սանահին թաղամասի ավտոմոբիլային կապի հարցը։ 

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին շեշտեց՝ շատ ուրախ է, որ իրանական ընկերությունը կարողացել է մասնակցել այս գործընթացին և կամուրջը կառուցել։ «Սա Հայաստանի և Իրանի միջև համագործակցության ևս մեկ շատ սիրուն օրինակ է։ Երբ ես հասա այստեղ և տեսա մարդկանց ուրախությունը, իմ ուրախությունը ևս դրանից ավելացավ, շատ ուրախ եմ, որ մենք այս գեղեցիկ նախաձեռնության մասնակիցն ենք»,- ասաց դեսպանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում