Հայաստան

ՏԿԵ նախարարը կայացած է համարում Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը

3 րոպեի ընթերցում

ՏԿԵ նախարարը կայացած է համարում Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը 28 տարիների ընթացքում անցել է բազմաթիվ դժվարությունների միջով և հաղթահարել մարտահրավերներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում տեղի ունեցած Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ով ողջունեց ներկաներին և կարևորեց տեղական ինքնակառավարման համակարգի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Նախարարը խոսեց այն կարևոր աշխատանքների մասին, որոնք տարվել են համայնքների կայուն զարգացման ապահովման ուղղությամբ։ 

«Այսօր, սակայն, վստահաբար կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է»,-ասաց նա։

Սանոսյանը նշեց, որ կառավարությունը շարունակական աշխատանքներ է տանում ՏԻՄ-երում հմտությունների բարելավման և կարողությունների հզորացման ուղղությամբ՝ ներդնելով նորարարական ծրագրեր, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Նա ընդգծեց, որ մի շարք աշխատանքներ կատարվում են նաև Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման և դրանց հասանելիության ընդլայնման նպատակով, հատկապես էլեկտրոնային համակարգերի կիրառման ընդլայնման հարցում։

«Ցանկանում եմ ընդգծել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխաբերությունների կարևորությունը, փոխգործակցության արդյունավետությունը», – ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ հատկապես կարևոր է ՏԻՄ-երի և մարզպետների աշխատակազմերի համագործակցությունը։

Միջոցառման մասնակցել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր և գործադիր իշխանության, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց «ՏԻՄ համակարգի կայացման ուղին Հայաստանում» խորագրով տեսանյութը, որը ներկայացրեց տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ու կայացման պատմությունը։ Միջոցառման ավարտին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհակալագրեր հանձնեց համայնքների ղեկավարներին՝ նրանց կատարած կարևոր աշխատանքի համար։

1995 թվականի Հայաստանի սահմանադրությամբ սահմանվեցին մարզերը և համայնքները, իսկ 1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացան տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները և ձևավորվեց 931 համայնք։ Այդ օրվանից ի վեր նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում