Հայաստան

ՏԿԵ նախարարությունը դժգոհ է Կապսի ջրամբարի շինարարական աշխատանքների տեմպերից

3 րոպեի ընթերցում

ՏԿԵ նախարարությունը դժգոհ է Կապսի ջրամբարի շինարարական աշխատանքների տեմպերից

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դժգոհ է Կապսի ջրամբարի շինարարական աշխատանքների տեմպերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նա ընդգծեց, որ շինարարության որոշ փուլերում կան տեխնիկական խնդիրներ։

«Կապսի ջրամբարի շինարարության տեմպից ենք դժգոհ։ Կապալառու կազմակերպությունը գրաֆիկից բավական հետ է ընկել։ Այնտեղ կան տարբեր մասնագիտական որոշ հարցեր կան՝ սոցիալական, բնապահպանական, որն էլ բերում է նրան, որ տեխնիկական հսկողության թիմը այդ պատճառով նաև շինարարության որոշ փուլերի հետ կապված խնդիր է տեսնում և առաջ չէին գնում», – նշեց Սանոսյանը։

Նախարարի խոսքով՝ վերջին 20-30 օրերին իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, և շինարարության տեմպը բարելավվել է։ «Բայց կարծես վերջին 20 օր կամ մեկ ամսում որոշակի փոփոխություններ ունենք և որոշակի առաջընթաց կա, որոշակի տեմպ կա։ Մենք էլ կփորձենք աջակից լինել, որ այդ տեմպը պահպանվի և լրացվի բաց թողնված ժամանակը», – հավելեց Գնել Սանոսյանը։

Կապսի կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից 22 կմ դեպի հյուսիս՝ Ախուրյանի գետահովտում։ Դեռ 1985 թվականին նախատեսվել է 90 միլիոն խորանարդ մետր ընդհանուր ծավալով Կապսի ջրամբարի կառուցումը՝ ապահովելու Շիրակի մարզի շուրջ 30000 հա հողերի ոռոգումը, սակայն պատվարի կառուցումն ավարտին չի հասցվել 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժին հետևած տնտեսական վիճակի վատթարացման և 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման պատճառով և վերջնականապես 1993 թվականին շինարարությունը դադարեցվել էր։ 2023 թվականի մայիսի 18-ին ջրամբարի կառուցումը կրկին մեկնարկել էր։ Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, իսկ կառուցապատողը չինական «Shanxi Construction Investment Group Co» ընկերությունն է։ Ջրամբարի կառուցման հետևանքով Ջրաձոր գյուղի մի հատվածը կհայտնվի ջրի ծածկույթի տակ, ուստի որոշում է կայացվել կառուցել նոր գյուղ, որը պատրաստ կլինի 2026 թվականի գարնանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում