Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեության շրջանակների ընդլայնման նախագիծ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել պետական կազմակերպության ֆինանսական ինքնուրույնության բարձրացումը՝ նոր ձեռնարկատիրական գործունեությունների միջոցով: Նախագծի համաձայն՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին թույլ կտրվի իրականացնել հետևյալ գործունեությունները. երաժշտական ստեղծագործությունների կլավիրների և պարտիտուրների ստեղծում ու վաճառք, հրատարակչական գործ, համերգային ծառայությունների մատուցում և համերգների կազմակերպում, համերգային տոմսերի վաճառք, ներառյալ՝ առցանց հարթակներում, ձայնագրությունների իրականացում, թողարկում և իրացում, մշակութային կրթության ոլորտում ծառայությունների մատուցում, ինքնասեփական գույքի օգտագործում և սպասարկման ծառայություններ, հանրային սննդի ծառայությունների մատուցում:
Այս փոփոխությունը կհեշտացնի նվագախմբի կողմից նոր ֆինանսական ռեսուրսների ներգրավումը, որը կուղղվի մշակութային ծրագրերի իրականացմանը:
Գործող կարգավորումները սահմանափակում են ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունները՝ խոչընդոտելով արդյունավետ աշխատանքին: Նախագիծը կվերացնի այդ սահմանափակումները, թույլ տալով իրականացնել բազմազան ձեռնարկատիրական գործունեություններ:
Նախագծի ընդունման արդյունքում սիմֆոնիկ նվագախումբը ձեռք կբերի լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ զարգացնելու իր գործունեությունը, իրականացնելով լայնածավալ համերգային, կրթական և մշակութային նախագծեր:
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության մշակույթի 2023-2027 թվականների ռազմավարությունից և ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրից: Այն նպատակ ունի արդիականացնել մշակութային կառույցների գործունեությունը և բարելավել դրանց կառավարման մոդելները: