Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու պահանջ Ադրբեջանը չի ներկայացրել
3 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում հայտնաբերված և կալանավորված ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու պահանջ Ադրբեջանը չի ներկայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արտահանձնման պահանջ Ադրբեջանից չկա։ Ադրբեջանը նույնպես քրեական գործ է հարուցել, հայտարարություն է տարածել։ Ադրբեջանը կարող է ուզել իրենց քրեական գործով էլ հետաքննություն անել։ Այդ զինվորը, եթե գնա Ադրբեջան, չի գնալու իրենց տուն, այդ զինվորին դատելու են Ադրբեջանում, եթե նա հայտնվի այնտեղ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը կրկին նկատեց՝ ադրբեջանցի զինծառայողը Հայաստանի տարածքում կատարել է հանցագործություն:
«Մի քանի հանցագործություն է արել, բայց կուլմինացիան մեր քաղաքացու վրա կրակելն է։ Չեմ ասում՝ այ, թող գնա, դատավճիռ կայանա, երեք ատյաններով անցնի, գա, կբացեմ դատավճիռը, տեսնեմ՝ հանցանք արել է, թե՝ ոչ։ Ասում եմ՝ հանցանք է արել»,- նշեց վարչապետը։
Հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին՝ չբացառելով նրա կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատելու հնարավորությունը։ Դրանից հետո երկու երկրների իրավասու մարմիններն իրականացրել են որոնողական աշխատանքներ։
Ըստ դատախազության հրապարակած տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ժամը 14։00-ի սահմաններում, ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ արձակել։ Վիրավորվել է 1987 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Ա․Ա․-ն։ Մուսաևը դիմել է փախուստի, այնուհետև հայտնաբերվել Շաքիի մեկ այլ հասցեում և ժամը 15։30-ին ձերբակալվել ու ներկայացվել նախաքննության մարմին։
Վիրավորված քաղաքացին բուժօգնություն է ստացել Սիսիանի բժշկական կենտրոնում, ապա տեղափոխվել Երևան։ Մարմնական վնասվածքներով նույն բժշկական կենտրոն են դիմել նաև նրա՝ 2011 և 2014 թվականներին ծնված երեխաները։ Ավագ երեխայի մոտ արձանագրվել է աջ դաստակի կոտրվածք, իսկ կրտսերի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։
Դատախազը հոկտեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ։
Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։