Հայաստան

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը

2 րոպեի ընթերցում

ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում
ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» որոշման փոփոխությունների նախագիծ, որն ուղղված է տարկետման տրամադրման գործընթացի կատարելագործմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի ընդունման հիմնական նպատակն է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունների լիարժեք կիրարկումն ու տարկետման տրամադրման գործընթացի թվայնացումն ու պարզեցումը:

Գործող կարգավորմամբ, տարկետման տրամադրման համար քաղաքացիները պարտավոր են դիմել ամառային զորակոչի համար մինչև հունիսի 1-ը, իսկ ձմեռային զորակոչի համար՝ մինչև դեկտեմբերի 1-ը: Նոր նախագծով առաջարկվում է երկարաձգել դիմումների ընդունման ժամկետը, ինչը հնարավորություն կտա զորակոչի ենթակա քաղաքացիներին ավելի երկար ժամանակահատվածում ներկայացնել դիմումները:

Նախագիծը նախատեսում է նաև տարկետման տրամադրման պայմանների համապատասխանեցում կրթական ծրագրերի նոր կարգավորումներին: Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ հանրակրթական ծրագրերով սովորող քաղաքացիները կստանան տարկետում մինչև ուսումնառության ավարտը, արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների համար տարկետումը կտրամադրվի մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 20 տարին լրանալու օրը:

Նախագծի ընդունման արդյունքում կբարելավվի կրթության ոլորտում սովորող քաղաքացիների տարկետման գործընթացը՝ նվազեցնելով վարչարարական բեռը, թվայնացնելով և պարզեցնելով ընթացակարգերը: Բացի այդ, պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում:

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ նպատակ ունենալով արդյունավետորեն կիրառել նոր օրենսդրական կարգավորումները:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում