Իրավունք

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը նպատակ ունի բարելավել դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը նպատակ ունի ստեղծել էթիկայի և վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողով, որը դատավորներին կտրամադրի գաղտնի խորհրդատվություն՝ էթիկական հարցերի շուրջ, բարձրացնել ոչ դատավոր անդամների ձայների կշիռը հանձնաժողովում, ինչը կնվազեցնի դատական կորպորատիվիզմի ռիսկը, խստացնել հանձնաժողովի անդամների ընտրության և նշանակման կարգը՝ ապահովելով արդարության և թափանցիկության բարձր մակարդակ, կարգավորել դատավոր չհանդիսացող անդամների ներկայացուցչության սահմանափակումները, որոնք վերաբերում են դատարաններում գործառույթներ իրականացնելուն, տարեկան մեկ անգամ հրապարակել հանձնաժողովի գործունեության զեկույց, որը կհամալիրվի պրակտիկայի ամփոփագրերով։

Նախագծի մշակման հիմքում ընկած է միջազգային փորձի ուսումնասիրությունը, այդ թվում՝ Ավստրիայի, Ալբանիայի, Կանադայի և Լիտվայի գործառույթների համեմատական վերլուծությունը։ Նախատեսվում է նաև ստեղծել էլեկտրոնային հարթակ, որը կխթանի խորհրդատվությունների գաղտնիության և մատչելիության ապահովմանը։

Այս փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել դատական համակարգի արդյունավետությունը և անկախությունը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և խթանել քաղաքացիների վստահությունը դատական համակարգի նկատմամբ։

Օրենսդրական փոփոխությունների համար ՀՀ պետական բյուջեում նախատեսվում են ծախսեր, որոնք հիմնականում ուղղվելու են նոր հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների վարձատրությանը և խորհրդատվությունների հարթակի ստեղծմանը։ Նախնական հաշվարկներով՝ միայն ոչ դատավոր անդամների վճարումների համար ամսական կպահանջվի շուրջ 1.74 մլն ՀՀ դրամ։

Նախագիծը համահունչ է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությանը և ուղղված են արդարադատության ոլորտի առավել թափանցիկ և արդյունավետ կառավարմանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում