Գյումրեցի երիտասարդ ջութակահար Ռուբեն Մատինյանը, հաղթահարելով Մոսկվայի Չայկովսկու անվան Պետական Կոնսերվատորիայի հայտարարած երիտասարդ երաժիշտ-կատարողների III միջազգային «Ստեղծագործության տարածք» մրցույթի փուլերն, անցել է եզրափակիչ փուլ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 17-ամյա ջութակահարը մասնակցել է մրցույթին՝ լարային գործիքներ անվանակարգում՝ դասատու Անահիտ Մկրտչյան, նվագակցող Ազատուհի Վանոյան։ Մրցույթի մասնակիցները հնարավորություն ունեին ներկայանալու ինչպես տեղում, այնպես էլ հեռավար։ 2024 թվականի նոյեմբերի 1-ին մեկնարկած մրցույթը կավարտվի 2025 թվականի փետրվարի 12-ին:
«Օգտվելով այն հանգամանքից, որ հնարավորություն կար ներկայանալու հեռավար, ձայնագրել եմ կատարումը սովորական բջջային հեռախոսով և ուղարկել։ Մրցույթը բավական թեժ էր, փուլերը հաղթահարելն ինձ համար անակնկալ էր»,-անկեղծանում է Ռուբենը՝ տեղեկացնելով, որ մասնակցելու համար գրանցված է եղել 400 մասնակից։
Ռուբենը լարային բոլոր գործիքների անվանակարգում միակ հայ մասնակիցն է։
Մոսկվայում երեք մասնակցից կընտրվի լավագույն երաժիշտ-կատարողը, ով էլ կմասնակցի գալա համերգին:
Մոսկվայի լսումների համար երիտասարդը, բացի պարտադիր ստեղծագործություններից, ներկայացնելու է Կոմիտասի ստեղծագործությունը:
«Այս ընթացքում հիմնական խնդիրը ոչ միայն ֆինանսականն է՝ բոլոր ծախսերը հոգում է մասնակիցը, այլ նաև տեխնիկական՝ գործիքի տեղափոխությունը»,-ասում է Ռուբենը:
Երիտասարդ երաժիշտը սովորում է Գյումրիի Կարա Մուրզայի անվան երաժշտական քոլեջում: Իր ողջ հաջողությունների առյուծի բաժինը համարում է իր ուսուցչուհունը՝ Անահիտ Մկրտչյանինը:
Տարիների ընթացքում երիտասարդ ջութակահարը մասնակցել է ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային շատ մրցույթների և ստացել բազմաթիվ մրցանակներ, ունեցել է անհատական համերգ հայրենի քաղաքում:
Իր ապագա ծրագրերի մասին խոսելիս Ռուբենը առանձնացնում է Նյու-Յորքի Ջուլիարդի անվան արվեստի և երաժշտության դպրոցում սովորելու ցանկությունը, որին ուսանելու հայտն արդեն ներկայացրել է: