Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պատին ամրացվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հուշաքարը հավերժացնում է դպրոցի պատմամշակութային նշանակությունը։ Ըստ պատմական տեղեկությունների՝ 1918 և 1921 թվականներին դպրոցում ելույթ են ունեցել հայ ականավոր զորավարներ Անդրանիկ Օզանյանը և Գարեգին Նժդեհը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են պատմական իրադարձություններ, հայ զորավարների գործունեությանն ու ելույթներին վերաբերող դրվագներ։
Հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է նաև արվեստի դպրոցի տարբեր բաժինների սաների գեղարվեստական կատարումներով։
Հուշաքարի բացման պատիվը վերապահվել է Գավառի պետական համալսարանի ուսանող, բանաստեղծուհի Միլենա Դարբինյանին։
Հուշաքարի բացման արարողությանը մասնակցել են Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Քրիստինե Բադեյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ և բնակիչներ։
«Այս նախաձեռնության հեղինակը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն է, ում անունից ջերմորեն շնորհավորում եմ միջոցառման մասնակիցներին։ Հուշաքարի բացումը ոչ միայն պատմական հիշողության վերարժևորման և այն սերունդներին փոխանցելու կարևոր քայլ է, այլև նպաստում է Գավառ քաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։ Նմանօրինակ նախաձեռնությունները համայնքապետարանի կողմից կրելու են շարունակական բնույթ»,-նշել է Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։