Քաղաքականություն

ՀՀ ՏԿԵ նախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել

4 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ

Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։

Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով։ Բացի բուն աշխատանքը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով բախվել ենք չնախատեսված, չպլանավորված և հրատապ լուծում պահանջող խնդիրների։

Նոր ճանապարհների կառուցում, ԼՂ-ից բռնի տեղահանում, ջրհեղեղ։ Եվ սա միայն ամենախոշոր մարտահրավերներն եմ թվարկում։

Չի եղել աշխատանքային շաբաթ, որ որևէ մարզում չլինեմ։

Անձամբ հետևել եմ համայնքային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերին, նոր ենթակառուցվածքների կառուցման և բարեկարգման գործընթացներին՝ լինի դա ենթակայան, ջրագիծ, ճանապարհ, մանկապարտեզի շինարարություն և այլն։

Այս շարքը կարելի է շատ երկար թվարկել։

Կառավարության ջանքերով, համատեղ ու թիմային աշխատանքի արդյունքում պատվով հաղթահարել և լուծել ենք առաջ եկած խնդիրները։ Վստահաբար շատ խնդիրներ դեռ լուծում են պահանջում, դեռ շատ անելիքներ կան թեկուզ միայն վերը թվարկված մարտահրավերների ուղղությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և հնարավորության համար, փոխվարչապետերին, գործընկեր նախարարներին, վարչապետի աշխատակազմին, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներին, ենթակա մարմիններին, մարզպետներին, ՏԻՄ ղեկավարներին, միջազգային ու տեղական գործընկերներին և իմ մեծ թիմին՝ ՏԿԵՆ աշխատակազմին, առանց որոնց անհնար էր այս մեծ ծավալի աշխատանքն իրականություն դարձնել։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների համակարգը շատ բարդ է, աշխատանքի ծավալը՝ ահռելի։

Այս 3 տարիների ընթացքում աշխատել եմ ուժերի գերլարումով՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի։

Լիահույս եմ, որ նախարարության համակարգման ներքո գտնվող կարևորագույն ոլորտներն այսուհետ էլ կկառավարվեն նույնքան սրտացավորեն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։

Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ»,- նշված է գրառման մեջ:

Մամուլում երեկվանից լուրեր են շրջանառվում ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխությունների մասին։  Նոյեմբերի 18-ին հրաժարականի մասին հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը: Հակակոռուպցիոն կոմիտեից և Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ազատման դիմումներ են գրել կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ևս հայտարարել է պաշտոնից իր հրաժարականի մասին: 

Շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարականի դիմում կներկայացնի նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի Կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է և որոշումներ է կայացնելու։ Արդեն նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում