Տնտեսություն

Կառավարությունը մի քանի մարզում 6 հրատապ ծրագիր իրականացնելու համար 248 մլն դրամ կհատկացնի

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը մի քանի մարզում 6 հրատապ ծրագիր իրականացնելու համար 248 մլն դրամ կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում 6 հրատապ ծրագիր իրականացնելու համար 248 միլիոն դրամ հատկացնելու մասին որոշմանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստում։

Նախագծի հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ներկայացվում է վերաբաշխումների բավականին մեծ փաթեթ։ 

«Կցանկանայի առանձնացնել 6 հրատապ ծրագրեր, որոնք նախանշված է իրականացնել Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում՝ ի դեմս Տարածքային զարգացման հիմնադրամի, որն այդ հրատապ ծրագիրը կիրականացնի։ 

Լոռու մարզին կհատկացնենք 18 մլն 970 հազար դրամ, Շիրակի մարզին՝ շուրջ 150 մլն դրամ, Սյունիքի մարզին՝ 51 մլն դրամ և Տարածքային զարգացման հիմնադրամին՝ 28 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է այս 6 հրատապ ծրագրերի համար հատկացնել 248 միլիոն դրամ», - ասաց Սանոսյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ այդ ծրագրերի հրատապությունը պայմանավորված է օրինակ Լոռու մարզում ջրհեղեղից հետո Ալավերդիի շրջանի Քարկոփ բնակավայրի դպրոցի շինարարական աշխատանքների համար, Սևանի կոյուղու վնասը վերացնելու և այլ աշխատանքներ իրականացնելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում