ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երգչուհի Ադելը հայտարարել է, որ իր ընթացիկ համերգային շրջագայության ավարտից հետո երկարատև ստեղծագործական ընդմիջում կանի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են, որ այդ մասին երգչուհին հայտնել է Մյունխենում ելույթի ժամանակ։
«Վերջին յոթ տարին ես օգտագործել եմ նոր կյանք կառուցելու համար, և ես ցանկանում եմ այն ապրել հիմա.... Ես առջևում դեռ 10 համերգ ունեմ, սակայն դրանից հետո դուք ինձ անհավատալիորեն երկար ժամանակ չեք տեսնի», - ասել է 36-ամյա երգչուհին:
Ադելն ընդգծել է, որ երաժշտական գործունեությունը դադարեցնելու պատճառը երկարատև հյուրախաղերն են, որոնք շարունակվել են գրեթե երեք տարի: Երգչուհին հավելել է, որ ապագայում նման ինտենսիվ հյուրախաղերի չի մասնակցելու:
Ստեղծագործական դադարից առաջ Ադելի վերջին համերգը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, Լաս Վեգասում։