ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սեյեդ Աբբաս Արաղչիին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան հաջողություն մաղթել նոր կարևոր առաքելության մեջ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով բարեկամական կապերի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ամուր գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու երկուստեք պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անխախտելիության առնչությամբ ԻԻՀ հաստատուն դիրքորոշումը: