Մշակույթ

ԱՄՆ դեսպանի մշակութային պահպանության հիմնադրամը 74 հազար դոլար կտրամադրի Մատենադարանին՝ ԼՂ արխիվային փաստաթղթերի պահպանության նպատակով

5 րոպեի ընթերցում

ԱՄՆ դեսպանի մշակութային պահպանության հիմնադրամը 74 հազար դոլար կտրամադրի Մատենադարանին՝ ԼՂ արխիվային փաստաթղթերի պահպանության նպատակով

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը պաշտոնատար անձանց, Շիրակի մարզի և Անիպեմզա բնակավայրի ներկայացուցիչների հետ այցելել են Երերույքի պատմական բազիլիկ տաճար, որտեղ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից տրված 175․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհով իրականացվում են կոնսերվացման աշխատանքներ։

Այցն ընդգծում էր Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանությանն ու վերականգնմանն աջակցելու Միացյալ Նահանգների հանձնառությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը կարևորել է ցուցաբերվող աջակցությունը, որը հնարավորություն է ընձեռում պահպանելու Հայաստանի մշակութային ժառանգության եզակի կառույցներից մեկը՝  Երերույքի տաճարը, որն ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում: 

«Վերաիմաստավորված միջավայրում ներկայացնելով Հայաստանի հազարամյակների մշակույթը, պատմությունը, ճարտարապետությունը և արվեստը՝ հնարավորություն կունենանք  այստեղ կազմակերպելու կրթական ծրագրեր, որոնք, անկասկած, նպաստելու են պատանիների և երիտասարդների զարգացմանը և մեր մշակութային ժառանգության հանրահռչակմանը: Կարևորում եմ նաև Լեռնային Ղարաբաղի ձեռագրերի պահպանության աջակցության ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ: Վստահ եմ, որ սերտ և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական»,- նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ դեսպանատանը:

Դեսպան Քվինը նկատել է, որ մշակութային պահպանության ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունը խոսում է երկու պետությունների միջև ամուր փոխգործակցության մասին։ 

«Միասին մենք պահպանում ենք պատմությունը և նպաստում փոխադարձ ըմբռնման և հարգանքի ձևավորմանը», - ասել է նա։ 

Երերույքի հինավուրց բազիլիկ տաճարը հիմնվել է 4-5-րդ դարերում և Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի պատմական նշանակության եզակի կոթող է։ Հուշարձանի պահպանության հարցում մարտահրավերներ են եղել` պայմանավորված թե՛ բնական, թե՛ մարդկային գործոններով, և այսօր հուշարձանի պահպանությունն առանցքային է Հայաստանի մշակութային ժառանգությունը հետագա սերունդներին փոխանցելու համար։

Երերույքում դեսպան Քվինը հայտարարել է ԱՄՆ դեսպանի մշակութային պահպանության հիմնադրամի նոր ծրագրի մասին, որով 74․000 ԱՄՆ դոլար է տրամադրվում Մատենադարանին՝ Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում ստեղծված հազվագյուտ ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանության նպատակով։  

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում 2005 թ․ սկսած իրականացվել է մշակութային պահպանության 15 ծրագիր, որոնց ուղղվել է, ընդհանուր առմամբ, 1․6 միլիոն ԱՄՆ դոլար։ 

Երերույքի ծրագրով նախատեսված են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարեկարգում  (նախապատրաստում՝ որպես առկա մոնումենտալ քարերի ցուցադրավայր)։

Հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում վերջերս իրականացված ծրագրերից են Սանահին վանական համալիրի պահպանության աշխատանքները Լոռու մարզում,  Մեղրու Սբ Հովհաննես եկեղեցու վտանգված որմնանկարների վերականգնումը Սյունիքի մարզում և Արենի 1 քարանձավի  պահպանությունը Վայոց ձորի մարզում։ 

Հարկ է նշել, որ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ուղղությամբ պետության ուշադրությունը նկատելիորեն ավելացել է. 2024 թ․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության համար տրամադրվել է մոտ 1 միլիարդ 159 միլիոն դրամ ՀՀ դրամ, որը մոտ երկու անգամ ավելի է նախորդ տարվա հատկացման համեմատ և մոտ 5-6 անգամ ավելի՝ դրան նախորդող տարիների համեմատ։ Այս պահին նախարարության պատվերով վերականգնման և նորոգման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցում, Ագարակ պատմահնագիտական արգելոցում, Արմավիրի մարզի Այգեշատի Թարգմանչաց եկեղեցում, Լոռու մարզի Ամրակիցի Սբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցում, Լոռի բերդում (պարիսպներ, բաղնիքներ, պարսպապատ), Հաղպատի վանքում և այլն։ Շուտով կմեկնարկեն նաև Տավուշի մարզի Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի վերականգնման աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում