Իրան

Իրանն ԱՄՆ-ից պահանջել է տրամադրել նախագահական ընտրություններին իր միջամտության ապացույցներ

2 րոպեի ընթերցում

Իրանն ԱՄՆ-ից պահանջել է տրամադրել նախագահական ընտրություններին իր միջամտության ապացույցներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Միացյալ Նահանգներից հնչող մեղադրանքներին, թե Իրանն ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու փորձեր է արել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱՄՆ-ն պետք է ապացույցներ ներկայացնի երկրի նախագահական ընտրություններին Իրանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ։ 

«Նման մեղադրանքները ոչնչով հիմնավորված չեն և զուրկ են որևէ հիմքից: Եթե ԱՄՆ կառավարությունն անկեղծորեն հավատում է իր բողոքների հիմնավոր լինելուն, ապա նա պետք է մեզ տրամադրի համապատասխան ապացույցներ, եթե այդպիսիք ընդհանրապես կան, որպեսզի մենք կարողանանք դրանց համապատասխան պատասխան տալ», - նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ), Ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի և ԱՄՆ ենթակառուցվածքային և կիբեռանվտանգության ապահովման գործակալության համատեղ հայտարարության մեջ ամերիկյան գերատեսչությունները հանդես  են եկել պնդմամբ, թե Իրանն իբր փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին՝ իրականացնելով կիբեռգործողություններ երկրի նախագահի թեկնածուների՝ հանրապետական ​​Դոնալդ Թրամփի և դեմոկրատների ​​կուսակցության ներկայացուցիչ, փոխնախագահ Քամալա Հարիսի նախընտրական շտաբների դեմ։    

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը կարծում է, որ Թեհրանը սոցիալական ինժեներիայի և այլ տեխնիկաների միջոցով փորձել է ստանալ այն անձանց հետ շփվելու հնարավորություն, որոնք անմիջական առնչություն ունեն  երկու քաղաքական կուսակցությունների նախագահական արշավների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում