Սեուլը կարծում է, որ Թրամփը կարող է ազդել Կորեական թերակղզում իրադրության վրա
2 րոպեի ընթերցում

Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել փոխելու իրադրությունը Կորեական թերակղզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նախագահը նման կարծիք է հայտնել Խաղաղ և ժողովրդավարական միավորման խորհրդատվական խորհրդի նիստում, որին մասնակցել են Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների փորձագետներ:
Կորեայի Հանրապետության ղեկավարը կոչ է արել հրաժարվել «առճակատման և դիմադրության վրա հիմնված հրադադարի համակարգից»՝ հօգուտ «խաղաղության համակարգի, որը կդառնա համագործակցության և բարգավաճման հիմք»:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վճռականության շնորհիվ հնարավորություն է ստեղծվել, թեկուզ և ոչ մեծ, փոխելու Կորեական թերակղզում իրադրությունը. մենք պետք է պայմաններ ստեղծենք կառուցողական քննարկումների համար՝ երկխոսությունը վերսկսելու և Հյուսիսի ու ԱՄՆ-ի միջև վստահությունն ամրապնդելու համար», - ասել է Լի Չժե Մյոնը:
Նա ընդգծել է, որ «խաղաղությունը Կորեական թերակղզում առանցքային նշանակություն ունի Հյուսիսարևելյան Ասիայում կայունության և մոլորակի վրա խաղաղության համար»։
«Քանի որ ես ուղիղ կապ ունեմ այս կարևոր խնդրի իրականացման հետ, ես կկատարեմ իմ պարտքը՝ վերադարձնելով պատերազմի ժամանակ զորքերի հրամանատարության իրավունքը», - ասել է Հարավային Կորեայի նախագահը։
Կորեայի Հանրապետության կառավարությունը հույս ունի սեփական զինված ուժերի նկատմամբ օպերատիվ վերահսկողության իրավունքը վերադարձնել մինչև 2030 թվականը։ Ներկայում այն, ԱՄՆ-ի հետ երկկողմ պայմանավորվածություններին համապատասխան, պատկանում է միացյալ հրամանատարությանը, որը գլխավորում է ամերիկացի գեներալ։