Միացյալ Նահանգներ

Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է Starlink/Starshield-ի հասանելիության վերականգնումը

2 րոպեի ընթերցում

Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է Starlink/Starshield-ի հասանելիության վերականգնումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ուկրաինայի համար Starlink/Starshield արբանյակային կապի հասանելիության վերականգնման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հաղորդագրություն է տարածել իր Telegram ալիքում:

«Զրուցեցի Մարկո Ռուբիոյի հետ, և դա առարկայական զրույց էր՝ կենտրոնացած իսկապես կարևոր հարցերի վրա։ Երախտապարտ եմ նրան օգնելու պատրաստակամության և հստակ դիրքորոշման համար», - նշել է նա։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ քննարկվել է բալիստիկ հրթիռների դեմ պայքարի միջոցների հարցը, անդրադարձ է կատարվել ռուսական բալիստիկ հրթիռների հարձակումների վերաբերյալ հետախուզական տվյալների տրամադրմանը, ինչը, նրա խոսքով, «կենսական կարևորության հարց է»։

«Երրորդ՝ խոսեցինք Starlink/Starshield-ի հետ կապված իրավիճակի մասին, որը պետք է վերականգնվի», - հայտնել է նա։

Ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր, որ Սպիտակ տնից հրահանգ չի եղել Starlink-ին Ուկրաինայի հասանելիությունը սահմանափակելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Ռուբիոն հայտնել էր, որ Ուկրաինան ներկայում զրկված է ռազմական նշանակության Starshield արբանյակային կապի համակարգի նկատմամբ հասանելիությունից։ Հոկտեմբերի 19-ին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի՝ Starlink/Starshield համակարգերից օգտվելու սահմանափակումները պահպանվում են, իսկ ռազմաճակատի տարբեր հատվածներում կապը դադարում է աշխատել 130-161 կմ/ժամ արագության դեպքում։

Starlink-ը կենսական նշանակություն ունեցող գործիք է, որը Կիևին թույլ է տալիս անօդաչու թռչող սարքերն ուղղորդել դեպի ռուսական թիրախներ, ինչպես նաև պաշտպանել սեփական օդային տարածքը։ SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը նշել է, որ Starlink-ի ռազմական նշանակության Starshield ծառայությունը վերահսկվում է ԱՄՆ կառավարության կողմից, և որ «արագության կամ օգտագործման ցանկացած սահմանափակում որոշում է ԱՄՆ զինված ուժերը, իսկ վերջնական որոշումն ԱՄՆ նախագահինն է»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում