ԱՄՆ-ն Վենեսուելայում նավթի արդյունահանման կրկնապատիկ աճ է ակնկալում
2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Վենեսուելայի հետ ստորագրման պատրաստվող էներգետիկ համաձայնագրերը կապահովեն այդ երկրում նավթի արդյունահանման կրկնապատիկ աճ առաջիկա մի քանի տարվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը, որի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը։
Պաշտոնյան հավելել է, որ հանրապետությունում նավթի արդյունահանման ավելացումը նաև թույլ կտա հասնել վառելիքի համաշխարհային գների իջեցման։ Նախարարն ակնկալում է նավթավերամշակման կարողությունների ընդլայնում ԱՄՆ-ում և այլ երկրներում, որոնք կաշխատեն վենեսուելական նավթով։ Գործակալությունը նշում է, որ այս պահին Վենեսուելայում նավթի օրական հանույթը կազմում է մոտավորապես 1,1-1,2 միլիոն բարել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռայթը մեկնել է Վենեսուելա՝ հանրապետության հետ նավթի արդյունահանման բնագավառում համաձայնագրեր կնքելու համար։
The Washington Post թերթը, վկայակոչելով աղբյուրներ, նշել է, որ կողմերը քննարկում են Միացյալ Նահանգներին Վենեսուելայի առնվազն 17 նավթային հանքավայրերի երկարաժամկետ վարձակալության իրավունքների տրամադրման հարցը։ Խոսքը վերաբերում է Վենեսուելայի նավթային պաշարների մեկ երրորդի շուրջ երկարաժամկետ պայմանագրերին։ Դա կնշանակի Վաշինգտոնի կողմից հասանելիություն մոտավորապես 90 միլիարդ բարել վենեսուելական նավթի, ասվում է հրապարակման մեջ։
Bloomberg գործակալությունն էլ հաղորդել է, որ Վաշինգտոնը Կարակասի հետ քննարկում է Վենեսուելայի որոշ նավթային հանքավայրերի՝ 100 տարի ժամկետով վարձակալության հարցը: