Կրթություն

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

2 րոպեի ընթերցում

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հուլիսի 26-ին Ուրուգվայի Հանրային կրթության ազգային ադմինիստրացիայի  միջազգային հարաբերությունների և համագործակցության տնօրեն Էկտոր Գոնյիի և Լեզվական քաղաքականության տնօրեն Ալդո Ռոդրիգեսի ուղեկցությամբ այցելել է Սալտո նահանգում գործող  և «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող թիվ 16 դպրոց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը՝ հավելելով, որ դպրոցի տնօրեն Անդրեա Ռոլֆոյի և ուսուցչական կազմի ուղեկցությամբ դեսպան Գևորգյանը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել ուսումնական գործընթացին և պայմաններին: 

Դեսպանությունը հաղորդել է, որ կողմերը կարևորել են դպրոցում հայոց լեզվի և մշակույթի տարածումը՝ այս համատեքստում բարձր գնահատելով հայոց լեզվի դասավանդումը դպրոցում, որը մեկնարկել է նախորդ տարի և կազմակերպվում է Ուրուգվայի Հանրային կրթության ազգային ադմինիստրացիայի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) համատեղ ջանքերով լույս տեսած «Լույս և Արմեն» դասագրքի միջոցով: 

«Դպրոցի աշակերտները հանդիսավոր միջոցառում էին կազմակերպել ՀՀ դեսպանի այցի կապակցությամբ, որի շրջանակներում վերջինիս ողջունեցին հայերենով և  կատարեցին հայկական երգեր: Պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել դպրոցի գործունեությանը՝ դեսպան Գևորգյանն աշակերտներին նվիրեց Հայաստանի տեսարժան վայրերի նկարներով փազլներ և վերջիններիս հրավիրեց այց կատարել ՀՀ դեսպանություն», - նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում