Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բաբկեն Սեդրակյանը նախ ներկայացրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային ու Եվրոպական միության դրամաշնորհային աջակցությամբ իրականացվող «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» երկրորդ փուլի ընթացքը, որի ավարտման շնորհանդեսը կկայանա այս տարվա սեպտեմբերին:
Բաբկեն Սեդրակյանը հյուրին է ներկայացրել նաև մետրոպոլիտենի ապագա զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ստորգետնյա տրանսպորտում, նոր վագոնների ձեռքբերման, ԴԵՊՈ-ի վերակառուցման և այլ ծրագրերը:
Դեսպան Վասիլիս Մարագոսը հույս է հայտնել, որ «կանաչ տրանսպորտի» զարգացման և արդիականացման հարցում եվրոպական կողմի աջակցությունը շարունակական կլինի:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հույս է հայտնել, որ սկիզբ առած համագործակցությունն այս ոլորտում առավել կզարգանա: Հանդիպմանը քննարկվեցին նաև սեպտեմբերին կայանալիք դրենաժային թունելի բացման արարողությանը վերաբերող հարցեր: