Եվրոպան ունի թերություններ, բայց մեր ընտրությունն այլընտրանք չունի. Ստյոպա Սաֆարյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային և անվտանգային հարցերով հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը կարևորում է, որ Հայաստանը որոշում կայացնի Եվրամիության անդամակցության թեկնածուի դիմում ներկայացնելու հարցով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ստյոպա Սաֆարյանն այս մասին ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:
«Պատասխանատվությունը կոլեկտիվ է: Ես այստեղ չեմ ուզում հակադրությունների մեջ մտնել ոչ «Քաղաքացիական պայմանագրի», ոչ մյուսների հետ, որովհետև այսօր Հայաստանին պետք է կոնսենսուս՝ շատ առանցքային որոշմամբ: Առաջարկվող թեմայով հանրաքվեն հենց այդ կոնսենսուսի խնդիրն է: Իսկապես պահն է հասկանալու, որ որևէ մեկն այս անգամ այդ պատասխանատվությունից չի փախչելու՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ Հայաստանը պարտադրված է օր առաջ հրաժարվել այն դաշնակիցներից, որոնք արդեն բացահայտ աշխատում են իր դեմ:
Ըստ նրա՝ 2018 թվականը՝ ի հեճուկս բոլորի, փոխեց վեկտորը, բայց այդ վեկտորը հավերժ չէ, կարող է հետ շրջվել: «Այսօր առանցքային որոշում կայացնելու պահն է: Այսօր պետք է որոշում կայացնել Հայաստանի կողմից ԵՄ-ի անդամակցության թեկնածուի դիմում ներկայացնելու, այսօր ժամանակն է բոլոր հասարակական, քաղաքական ուժերով հասարակության մեջ կոնսենսուս ձևավորելու: Կանենք դա հանրաքվեի տեսքով, ես կողմ եմ: Այդ կոնսենսուսը, այդ որոշումը պետք է ամրագրվի»,-ասաց նա:
Սաֆարյանը կարևորեց, որ այդ որոշման ու կոնսենսուսի մեջ երևա ժողովուրդը, այլ ոչ թե որևէ քաղաքական ուժ կամ անհատ, որովհետև ժողովրդի պահանջի դեմ որևէ բան անզոր է: Նրա համոզմամբ՝ Հայաստանն այլևս չի կարող ապավինել «և-և»-ի քաղաքականությանը:
«Այսօր մենք պարտադրված ենք ոչ թե ընտրել Եվրոպայի և ինչ-որ բանի միջև, մենք պարտավոր ենք ուղղակի ընտրել մեր հեռանկարների, մեր երեխաների հեռանկարի, մեր պետության հեռանկարի և մեր չգոյության միջև: Եվրոպան, իհարկե, կատարելություն չէ, ունի՞ թերություններ, իհարկե ունի, բայց մեր ընտրությունն այլընտրանք չունի: Եվ ես ուզում եմ, որ բոլորս միասին շարժվենք այդ ուղղությամբ՝ միասին այդ կոնսենսուսը ձևավորելով հաշտ և համերաշխ՝ անկախ փոքրիկ վեճերից»,-ասաց Սաֆարյանը:
Նա կոչ արեց ՀՀ իշխանություններին լսել ամբիոնից հնչող խոսքերն այս առումով: