Քաղաքականություն

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

4 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստում է Հայաստանին ուղղված աջակցության փաթեթ՝ Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ կիրառված սահմանափակումների ֆոնին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրահանձնաժողովի կայքը՝ հայտնելով, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այդ մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Ֆոն դեր Լայենը նշել է, որ քննարկել են Ռուսաստանի կիրառած վերջին սահմանափակումները, որոնք վերաբերում են Հայաստանին։

«Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, և դա անընդունելի է։ Հայկական արտադրանքի նկատմամբ արտահանման սահմանափակումներ կիրառելով՝ Մոսկվան տնտեսական հարաբերություններն օգտագործում է քաղաքական ճնշման նպատակով»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նրա խոսքով՝ Եվրոպան լավ գիտի նման գործելաոճը և այդ պատճառով վճռականորեն կանգնած է Հայաստանի կողքին։

«Մենք շատ լավ գիտենք այս գործելաոճը։ Ահա թե ինչու Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին»,- հայտարարել է նա։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Եվրամիությունը պատրաստում է Հայաստանին աջակցելու հատուկ փաթեթ։

«Այն ներառում է անհապաղ ֆինանսական աջակցություն՝ ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով։ Եվ դրան կհաջորդեն նոր միջոցներ»,- նշել է նա։

Եվրահանձնաժողովի նախագահը հավելել է, որ ԵՄ-ն նաև միջոցներ է ձեռնարկում որոշ հայկական ապրանքների, հատկապես գյուղատնտեսական և պարենային արտադրանքի առևտուրը դյուրացնելու ուղղությամբ։

Նա նշել է, որ աջակցություն կտրամադրվի նաև այն ոլորտներին, որոնք տուժել են ռուսական սահմանափակումներից, մասնավորապես՝ ծաղկաբուծության ոլորտին։

«Ռուսաստանը վերջերս սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելի մեղադրանքների հիման վրա։ Վաղը Լատվիա է հասնելու 10 հազար ծաղիկներից բաղկացած բեռ, և դրան կհետևեն նոր մատակարարումներ»,- ասել է Ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը կշարունակի նաև խորացնել գործարար կապերը Հայաստանի հետ՝ շարունակելով Երևանի վերջին գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։

Ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ 2024 թվականից «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում ԵՄ աջակցությունն արդեն օգնել է Հայաստանի շուրջ 7000 ձեռնարկությունների և նպաստել ավելի քան 20 հազար աշխատատեղի ստեղծմանը։

«Հայաստանն այն վայրն է, որտեղ համախմբվում են տաղանդը, նորարարությունը և հնարավորությունները։ Եվրոպական բիզնեսի համար այն կարևոր ուղղություն է»,- նշել է նա։

Եվրահանձնաժողովի նախագահը նաև վերահաստատել է Եվրոպայի հանձնառությունը՝ կյանքի կոչելու Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում ձեռք բերված հավակնոտ «Կապակցվածության գործընկերությունը»։

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ առևտրային ուղիների վերջին վերաբացումը, այդ թվում՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով երկաթուղային կապի գործարկումը, կարևոր քայլ է առաջ։

«Հայաստանն ունի Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող ռազմավարական հանգույց դառնալու ներուժ»,- հայտարարել է Ֆոն դեր Լայենը։

Նա ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել ենթակառուցվածքների զարգացմանն ու սահմանային անցակետերի արդիականացմանը, քանի որ տարածաշրջանային կապերը վերականգնվում են։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ այս առաջնահերթությունների առաջխաղացումը կշարունակվի նաև հունիսի 23-ին կայանալիք Կապակցվածության հարթակի նախարարական հանդիպման ընթացքում։

Արդյունավետ համակարգում ապահովելու նպատակով կողմերը պայմանավորվել են ստեղծել Հայաստան-Եվրամիություն համատեղ աշխատանքային խումբ, որը կհետևի նշված նախաձեռնությունների և ապագա միջոցառումների իրականացմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում