Քաղաքականություն

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում Հայաստանը կարող է բախվել տնտեսական դժվարությունների, իսկ ռուսական շուկայում հայկական արտադրանքի մի մասը կարող է փոխարինվել ադրբեջանական արտադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Sputnik Ադրբեջան»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը նշել է, որ նման զարգացումների հետևանքներն առաջին հերթին կազդեն Հայաստանի տնտեսության վրա։

Նրա խոսքով՝ հնարավոր ազդեցությունը կարող է զգացվել ինչպես էներգետիկայի, այնպես էլ պարենային շուկայի ոլորտներում։

«Հայաստանի համար էներգակիրների գները կարող են մոտենալ եվրոպական մակարդակին, իսկ ներքին շուկայում պարենամթերքի գները կարող են աճել»,- ասել է նա։

Տիտովը նաև անդրադարձել է ռուսական շուկայում հայկական արտադրանքի հնարավոր փոխարինման հարցին։

«Իսկ այն, ինչ մենք կկորցնենք Հայաստանում, իհարկե, կփոխարինենք, այդ թվում՝ Ադրբեջանից մատակարարվող արտադրանքով»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Վերջին շաբաթներին Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր»-ը փուլ առ փուլ սահմանափակումներ է սահմանել Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ։ Մայիսի 22-ից սահմանափակումներ են կիրառվել հայկական ծաղիկների նկատմամբ, մայիսի 30-ից՝ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի, իսկ հունիսի 2-ից՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Ռուսական կողմը որոշումները հիմնավորել է բուսասանիտարական պահանջների խախտումներով։

Կարդացեք հոդվածը` English中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում