Քաղաքականություն

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին՝ նրա ժողովրդի համար կարևոր բոլոր հարցերում։ 

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցի հարցին, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Եվրամիությունը Հայաստանին աջակցելու համար՝ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին։ 

«Հայաստանը, սուվերեն, ժողովրդավարական և անկախ երկիր է, որը իր սեփական ճանապարհն ու գործընկերներին ընտրելու իրավունք ունի։ Մենք տեսնում ենք ընտրություններին ընդառաջ Հայաստանի ժողովրդի վրա ճնշումներ գործադրելու Ռուսաստանի փորձերը, որոնք ինտենսիվանում են։ Ռուսաստանը հիմա օգտագործում է առևտուրը՝ որպես քաղաքական զենք և քաղաքական ճնշման միջոց ԵԱՏՄ անդամների վրա։ Եվ ընտրված ժամանակն ինքնին համընկնում չէ, ուստի անակնկալ չէ, որ Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը այս կարևոր պահին»,- ասել է Հիպերը՝ շեշտելով, որ Եվրամիությունը վստահելի և հուսալի գործընկեր է ու կշարունակի աջակցել Հայաստանին նրա ժողովրդի համար կարևոր բոլոր հարցերում։

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր խոսնակի տեղակալ Օլոֆ Ջիլն էլ հիշեցրել է, որ հունիսի 4-ին Եվրահանձնաժողովը տեղեկատվություն էր տարածել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այդ հեռախոսազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ Եվրամիությունը Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշումների պայմաններում լրացուցիչ աջակցության փաթեթ է նախապատրաստում Հայաստանի համար, որի շրջանակներում երկրին 50 միլիոն եվրո աջակցություն կտրամադրվի։   

Ռուսաստանը վերջին շրջանում պարբերաբար սահմանափակումներ է կիրառում հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, ՌԴ-ն արգելել է Հայաստանից ծաղիկների, ալկոհոլային որոշ խմիչքների, ձկնամթերքի, «Ջերմուկ» հանքային ջրերի ներմուծումը, սահմանափակումներ կիրառել հայկական մրգերի, պտուղ-բանջարեղենի ներմուծման նկատմամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում