ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի հունիսի 18-ին տեղի ունեցած առաջին համակարգող հանդիպմանը մասնակցել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը, նախարարությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ու շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։
Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի կարևորությունը. այն թույլ կտա շահագրգիռ կողմերի հետ ակտիվ քննարկումների շնորհիվ կոորդինացնել միգրացիոն քաղաքականության մշակման գործընթացը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, անդրադառնալով դեռևս 2021 թվականին Կառավարության կողմից ընդունված Միգրացիոն քաղաքականության մշակման հայեցակարգին՝ Արմեն Ղազարյանը նշել է հարթակի օգնությամբ թիրախային ուղղություններով իրականացվող աշխատանքների շուրջ կառուցողական երկխոսություն ծավալելու անհրաժեշտությունը։
Ըստ աղբյուրի՝ Արմեն Մկրտչյանն անդրադարձել է ՆԳ նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ՝ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության ձևավորման և միգրացիոն ոլորտում վարչության առջև դրված խնդիրներին։
Նա մատնանշել է աշխատանքային հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը՝ կարևորելով համատեղ քննարկումների ընթացքում փորձագիտական ներուժի մեկտեղման, տեղեկատվության փոխանակման և մարտահրավերների հաղթահարման հնարավորությունները։
Նշվում է, որ Վարդուհի Դադունցը կարևորել է միգրացիոն քաղաքականության մշակման աշխատանքներում շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ երկխոսության հարթակը կնպաստի արդյունավետ քաղաքականության և ծրագրերի իրականացման աշխատանքներին։
«Հանդիպման ընթացքում ներկայացվել են Միգրացիոն քաղաքականության հարթակի նպատակն ու խնդիրները։ Ներկայացվել են նաև միգրացիոն հոսքերի կառավարման, ինտեգրման և վերաինտեգրման, հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի ճգնաժամային կառավարման քաղաքականության և Հայաստան-Սփյուռք համագործակցության 2023-2033 թթ. ռազմավարությունը։
Հանդիպման ավարտին մասնակիցները նախանշել են երկխոսության հարթակի առաջիկա քայլերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ երկխոսության հարթակը բաց է ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերի համար: Հարթակի աշխատանքներում ներգրավվել ցանկացողները կարող են դիմել Ներքին գործերի նախարարություն: