Ջակոմո Պուչինիի «Բոհեմ»-ը վերադարձավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոն

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայի գլխավոր հերոսներ Ռուդոլֆոն, Միմին, Մարչելոն և Մուզետան սիրում են միմյանց, փորձում հոգատար լինել իրար նկատմամբ, սակայն ճակատագիրը բարեհաճ չէ նրանց հանդեպ:

«Բոհեմ»-ն աշխարհում ամենահաճախ բեմադրվող ստեղծագործություններից է: Առաջին անգամ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է 1936 թվականին: Տևական դադարից հետո այն նոր շնչով վերադարձավ երևանյան բեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնախաղը տեղի ունեցավ հունիսի 14-ին: Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց գեղեցիկ և շքեղ օպերային ներկայացումը:

«Բոհեմ»-ը բեմադրել է Բուլղարիայից Հայաստան հրավիրված բեմադրող ռեժիսոր Օրլին Անաստասովը: «Ցանկացել եմ Երևանում շատ գեղեցիկ ներկայացում բեմադրել, որը հեքիաթ կհիշեցնի: Վստահ եմ, որ այդպես էլ կլինի: Փոքր հակադրություններ ենք ստեղծել՝ կապված սցենոգրաֆիայի և կոստյումների հետ: Կոստյումները շքեղ են, ակտերի միջև դինամիկ փոխելու ենք ամեն բան և էներգիա չենք կորցնելու: Կուզեի՝ ամեն ինչ միանգամից լիներ, ինչպես կինոնկարում է»,-ավելի վաղ նշել է ռեժիսորը:

Ներկայացման մեջ ներգրավված են օպերային թատրոնի երգչախումբը, նվագախումբը, աստղերը: Կան տեսարաններ, երբ բեմում հարյուր արտիստ է: «Այս ներկայացումը նման չէ օրինակ՝ Վերդիի «Աիդա»-ին, երբ բոլորը բեմում կանգնած երգում են, հետո՝ հեռանում: Այստեղ յուրաքանչյուր արտիստ ինչ-որ բանով է զբաղված: Բարդ գործընթաց է, բայց արդյունքը հրաշալի կլինի»,-հավաստիացրել է Անաստասովը:

Օրլին Անաստասովն առաջին անգամ է բեմադրում «Բոհեմ»-ը, սակայն այդ ներկայացման մեջ որպես երգիչ հանդես է եկել ամենահեղինակավոր թատրոններում հայտնի արտիստների հետ: Բեմադրելն այլ հաճույք է համարում: «Հրաշալի է, որ ժամանակ եմ ունեցել պատրաստվել: Ամեն օր աշխատում ենք ավելին անել»,-շեշտել է նա:

Օպերային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Թորոսյանը կատարում է Միմիի դերերգը: Պուչինիի «Բոհեմ»-ի վերադարձը Երևանի օպերային թատրոն մեծ իրադարձություն է համարում: 

«Այս օպերային ծանոթացել եմ Մուզետայի կերպարի միջոցով, բայց երկար տարիներ սրտումս և հոգումս եղել է Միմիի կերպարը, ուղղակի սպասում էի մի քիչ հասուն տարիքի, որ վերջնական պատրաստ լինեմ այս դերին: Այժմ շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հենց իմ հայրենիքում անել այս դեբյուտը, ինչը հուզիչ է: Ուրախ եմ նաև, որ իմ վաղեմի ընկերոջ՝ Լիպարիտ Ավետսյանի հետ եմ երգելու»,-ասել է սոպրանոն:

Օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը բեմադրությունը զգացմունքային և խորն է համարում: «Այս պատմության մեջ սիրում եմ այն, որ օպերան նկարագրում է պարզ, մաքուր, անկեղծ, անշահախնդիր ընկերությունը, որի մասն է դառնում Միմին, և ծնվում է սերը, որը ողբերգական ավարտ է ունենում: Ըստ իս՝ անշահախնդիր ընկերությունը մեզ շատ պակասում է հիմա»,-նշել է Ավետիսյանը:

Նա ուրախ է, որ «Բոհեմ» օպերան վերադառնում է խաղացանկ, քանի որ այն օպերային արվեստի գանձերից մեկն է համարում: 

Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Դավիդե Մասիլիան է (Իտալիա), դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, բեմադրության և զգեստների նկարիչ՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյան, ռեժիսորի ասիստենտ՝ Արա Ասատուրյան, լուսային նկարիչ՝ Սամվել Մալերյան, խմբավար՝ Նարինե Ոսկանյան:

Ջակոմո Պուչինիի չորս գործողությամբ օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1896 թվականի փետրվարի 1-ին Թուրինի թագավորական թատրոնում: Դիրիժորն Արտուրո Տոսկանինին է եղել: Օպրային լիբրետոյի հիմքում Անրի Մյուրժեի «Դրվագներ բոհեմի կյանքից» վեպն է: Իտալերեն լիբրետոյի հեղինակներն են Լուիջի Իլիկան և Ջուզեպե Ջակոզան: 

 

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 

Հայերեն

Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը

«Առինջ մոլ»-ի որոշ ինքնակամ կառույցներ գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը․ ՔԿ

Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 23/07/26

Բուլղարական հետազոտական ​​նավը Բուենոս Այրեսում բուլղարական սփյուռքի հետ կնշի երկրի ազգային օրը. BTA

Ասիական ինդեքսներն աճել են - 23/07/26

Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA

Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել

Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից