Մշակույթ

Ջակոմո Պուչինիի «Բոհեմ»-ը վերադարձավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոն

5 րոպեի ընթերցում

Ջակոմո Պուչինիի «Բոհեմ»-ը վերադարձավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոն

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայի գլխավոր հերոսներ Ռուդոլֆոն, Միմին, Մարչելոն և Մուզետան սիրում են միմյանց, փորձում հոգատար լինել իրար նկատմամբ, սակայն ճակատագիրը բարեհաճ չէ նրանց հանդեպ:

HM2_7983.JPG

«Բոհեմ»-ն աշխարհում ամենահաճախ բեմադրվող ստեղծագործություններից է: Առաջին անգամ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է 1936 թվականին: Տևական դադարից հետո այն նոր շնչով վերադարձավ երևանյան բեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնախաղը տեղի ունեցավ հունիսի 14-ին: Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց գեղեցիկ և շքեղ օպերային ներկայացումը:

HM2_7947.JPG

«Բոհեմ»-ը բեմադրել է Բուլղարիայից Հայաստան հրավիրված բեմադրող ռեժիսոր Օրլին Անաստասովը: «Ցանկացել եմ Երևանում շատ գեղեցիկ ներկայացում բեմադրել, որը հեքիաթ կհիշեցնի: Վստահ եմ, որ այդպես էլ կլինի: Փոքր հակադրություններ ենք ստեղծել՝ կապված սցենոգրաֆիայի և կոստյումների հետ: Կոստյումները շքեղ են, ակտերի միջև դինամիկ փոխելու ենք ամեն բան և էներգիա չենք կորցնելու: Կուզեի՝ ամեն ինչ միանգամից լիներ, ինչպես կինոնկարում է»,-ավելի վաղ նշել է ռեժիսորը:

Ներկայացման մեջ ներգրավված են օպերային թատրոնի երգչախումբը, նվագախումբը, աստղերը: Կան տեսարաններ, երբ բեմում հարյուր արտիստ է: «Այս ներկայացումը նման չէ օրինակ՝ Վերդիի «Աիդա»-ին, երբ բոլորը բեմում կանգնած երգում են, հետո՝ հեռանում: Այստեղ յուրաքանչյուր արտիստ ինչ-որ բանով է զբաղված: Բարդ գործընթաց է, բայց արդյունքը հրաշալի կլինի»,-հավաստիացրել է Անաստասովը:

HM2_7953.JPG

Օրլին Անաստասովն առաջին անգամ է բեմադրում «Բոհեմ»-ը, սակայն այդ ներկայացման մեջ որպես երգիչ հանդես է եկել ամենահեղինակավոր թատրոններում հայտնի արտիստների հետ: Բեմադրելն այլ հաճույք է համարում: «Հրաշալի է, որ ժամանակ եմ ունեցել պատրաստվել: Ամեն օր աշխատում ենք ավելին անել»,-շեշտել է նա:

Օպերային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Թորոսյանը կատարում է Միմիի դերերգը: Պուչինիի «Բոհեմ»-ի վերադարձը Երևանի օպերային թատրոն մեծ իրադարձություն է համարում: 

HM2_7950.JPG

«Այս օպերային ծանոթացել եմ Մուզետայի կերպարի միջոցով, բայց երկար տարիներ սրտումս և հոգումս եղել է Միմիի կերպարը, ուղղակի սպասում էի մի քիչ հասուն տարիքի, որ վերջնական պատրաստ լինեմ այս դերին: Այժմ շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հենց իմ հայրենիքում անել այս դեբյուտը, ինչը հուզիչ է: Ուրախ եմ նաև, որ իմ վաղեմի ընկերոջ՝ Լիպարիտ Ավետսյանի հետ եմ երգելու»,-ասել է սոպրանոն:

Օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը բեմադրությունը զգացմունքային և խորն է համարում: «Այս պատմության մեջ սիրում եմ այն, որ օպերան նկարագրում է պարզ, մաքուր, անկեղծ, անշահախնդիր ընկերությունը, որի մասն է դառնում Միմին, և ծնվում է սերը, որը ողբերգական ավարտ է ունենում: Ըստ իս՝ անշահախնդիր ընկերությունը մեզ շատ պակասում է հիմա»,-նշել է Ավետիսյանը:

HM2_7978.JPG

Նա ուրախ է, որ «Բոհեմ» օպերան վերադառնում է խաղացանկ, քանի որ այն օպերային արվեստի գանձերից մեկն է համարում: 

Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Դավիդե Մասիլիան է (Իտալիա), դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, բեմադրության և զգեստների նկարիչ՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյան, ռեժիսորի ասիստենտ՝ Արա Ասատուրյան, լուսային նկարիչ՝ Սամվել Մալերյան, խմբավար՝ Նարինե Ոսկանյան:

HM2_7974.JPG

Ջակոմո Պուչինիի չորս գործողությամբ օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1896 թվականի փետրվարի 1-ին Թուրինի թագավորական թատրոնում: Դիրիժորն Արտուրո Տոսկանինին է եղել: Օպրային լիբրետոյի հիմքում Անրի Մյուրժեի «Դրվագներ բոհեմի կյանքից» վեպն է: Իտալերեն լիբրետոյի հեղինակներն են Լուիջի Իլիկան և Ջուզեպե Ջակոզան: 

 

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում