Երևան

Հրազդանի կիրճին տրվելու է հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ . Երևանի քաղաքապետարան

2 րոպեի ընթերցում

Հրազդանի կիրճին տրվելու է հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ . Երևանի քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրազդանի կիրճում մաքրվում  և ընդլայնվում է գետի հունը: Տասնամյակների աղբն ու տիղմը դուրս է բերվում՝ թողունակությունը մեծացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

«Տիղմ էր հավաքված՝ հողային զանգված, որի  պատճառով նեղացել էր գետի հունը, ջրի թողունակությունը փոքրացել էր 60-70 տոկոսով: Այժմ հունը բացում, մաքրում ենք»,- նշել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Երևանի քաղաքապետարանն այս տարվա ծրագրով նախատեսում  է մոտ 9000 խմ աղբ տեղափոխել: Առայժմ աշխատանքները մեկ կետում են ընթանում: Տեխնիկան աշխատում է հենց գետի մեջ: 

«Մայիսի վերջից սկսել ենք աշխատանքները: Միաժամանակ,  12-14 միավոր տեխնիկա է այստեղ աշխատում, և արդեն 100-150 մ մաքրել ենք»,-ասել է աշխատանքներն իրականացնող կազմակերպության ղեկավարը:

«Ընտրվում են ամենախոցելի, ամենաբարդ հատվածները, որտեղ ջրի մակարդակը կարող է բարձրանալ և տարատեսակ լուրջ խնդիրներ առաջացնել: Ամբողջ երկայնքով գետը մաքրելու համար անհրաժեշտ է մի քանի տարի»,-շեշտել է Կարոյանը:

Հրազդանի կիրճը Երևանի բնական համակարգի ամենակարևոր հատվածն է: Քաղաքապետարանը մտադիր է փոխել նաև Հրազդանի կիրճի կարգավիճակը՝  որպես բնության հատուկ պահպանվող տարածք: Այդ առումով կենսաբազմազանության մասնագիտական ուսումնասիրությունները սկսվել են դեռ նախորդ տարեվերջին: 

«Ճշտելով փաստացի իրավիճակը՝ պատրաստելու ենք կառավարության որոշում, որով կիրճին տրվելու է հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ:  Դրանից հետո հողերի նշանակությունը կփոխվի, կդառնա բնապահպանական և նոր կառուցապատումներ կիրճում տեղի չեն ունենա»,-նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը:

Բաժին

Տեղադրություն

Կազմակերպություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում