Սևան համայնքում Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը նշվում է բազմաբնույթ միջոցառումներով
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը նշվում է բազմաբնույթ միջոցառումներով։ միջոցառումները մեկնարկել են մայիսի 21-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառումների մեկնարկը տրվել է Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզից: Մայիսի 22-ին այն ընթացել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզում։ Այնուհետ Սևանի Վ. Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանում այցելուները դիտել են աշխարհահռչակ շանսոնյեի մասին պատմող ցուցադրությունը, որն ուղեկցվել է ցերեկույթով: Ապա Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցը հրավիրել է օրվան նվիրված միջոցառման և ցուցահանդեսի:
Մայիսի 23-ին Շառլ Ազնավուրը կմեծարվի Սևանի թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզում կազմակերպվող միջոցառմանը:
Մայիսի 26-ին Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում տեղի կունենա գրական-երաժշտական միջոցառում, որը կուղեկցվի ցուցահանդեսով:
Մայիսի 27-ին «Բողբոջ» մանկապարտեզում տեղի կունենա ցերեկույթ:
Մայիսի 27-ին Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցում երաժշտական ինքնատիպ ծրագրով կամփոփվեն Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումները:
«Միջոցառումների ծրագիրը կազմվել է այն հաշվարկով, որպեսզի հայ ժողովրդի մեծանուն զավակի կյանքի, ստեղծագործությունների, հասարակական գործունեության մասին իմանան նախադպրոցական տարիքի երեխաները, դպրոցականները, ուսանողները, ավելի տարեց մարդիկ, որպեսզի հավուր պատշաճի մեծարվի աշխարհահռչակ, մեծ հայրենասեր ու մարդասեր Շառլ Ազնավուրը, ումով հպարտ պետք է լինի ամեն մի հայ»,-նշեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան