Բժշկական շտապ օգնության կանչերի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Երևանի քաղաքապետարան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, բուժանձնակազմին կտրամադրվեն պլանշետներ: Կարգավարը «1-03» հեռախոսահամարին կանչը ստանալով՝ տվյալները էլեկտրոնային եղանակով կփոխանցի սպասարկող խմբին:
Ըստ աղբյուրի՝ նոր համակարգով ոչ միայն փոխանցվելու են բուժառուի տվյալները, այլ նաև գրանցվելու է կանչի հրատապությունը, դրանով իսկ բարձրացնելով սպասարկման որակն ու արագ արձագանքման հնարավորությունները:
Նշվում է, որ հավելվածը հնարավորություն է ընձեռում նաև վճարովի ծառայությունների դեպքում տեղում կատարել գումարի փոխանցումը:
Նոր համակարգը կգործի մարտի 1-ից: