Երևանի քաղաքապետարանը իրականացրել է Երևանյան լճի մաքրման աշխատանքներ
5 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը հերթական մաքրման աշխատանքներն է իրականացրել Երևանյան լճում։ Քաղաքապետարանից վստահեցնում են, որ լճի ափամերձ հատվածների մաքրումն իրականացվում է պարբերաբար՝ յուրաքանչյուր 15 օրը մեկ, իսկ ջրային ավազանի ներկայիս վիճակը գնահատվում է բավարար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշեց, որ վերջին օրերին համացանցում տարածված տեսանյութերում երևացող աղբի կուտակումները վերաբերում են Երևանյան լճի այն հատվածին, որտեղ Հրազդան գետը միախառնվում է լճին։

Նրա խոսքով՝ ներկայում լճի հիմնական մակերեսը մաքուր է, իսկ վիճակը՝ բավարար, հատկապես հաշվի առնելով, որ օգոստոսին ջրի մակարդակի և ջերմաստիճանի հետ կապված խնդիրներն առավել ակնառու են լինում։

«Մեզ հաջողվել է տարվա ամենաշոգ ժամանակահատվածում լիճը պահպանել հնարավորինս լավ վիճակում, ինչը կարևոր է նաև Երևանի համար՝ որպես փոշին կլանող մեծ ջրային մակերես»,- ասաց Բեգոյանը։

Բեգոյանն ընդգծեց, որ ափամերձ հատվածում կուտակված աղբի զգալի մասը բնակիչների կողմից գետ նետված թափոններն են, որոնք Հրազդան գետի հոսանքով հասնում են լիճ։ Բեգոյանը կոչ արեց քաղաքացիներին չաղտոտել գետն ու լիճը՝ նշելով, որ տնտեսավարողների կողմից թույլ տրվող խախտումների դեպքում քաղաքապետարանը կիրականացնի վարչարարություն։

ՀՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ մի քանի տարի առաջ ամռան այս շրջանում Երևանյան լիճը վերածվում էր ճահճացած տարածքի, մինչդեռ այժմ այն դարձել է հանգստի և ժամանցի վայր, որտեղ հաճախում են ձկնորսներն ու քաղաքացիները։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանի հետագա ծրագրերով նախատեսվում է բարեկարգել նաև լճի մյուս ափը։
Անդրադառնալով ջրի կանաչավուն երանգին՝ Բեգոյանը պարզաբանեց, որ այն պայմանավորված է ջրի ցածր հոսքով և բարձր ջերմաստիճանով։ Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին ոռոգման նպատակներով իրականացվող ջրաբաշխման հետևանքով Երևանյան լիճ քիչ ջուր է մուտք գործում, ինչի պատճառով ջրի շրջանառությունը նվազում է, իսկ ափամերձ հատվածներում առաջանում են ջրիմուռներ։

«Սա ժամանակավոր երևույթ է։ Երբ ջրի հոսքը մեծանա և եղանակը համեմատաբար զովանա, ջրի բնական շրջանառությունը կվերականգնվի, և կանաչավուն շերտը կվերանա»,- ասաց նա։
Բեգոյանը տեղեկացրեց, որ լճի ափամերձ հատվածների մաքրումն իրականացվում է յուրաքանչյուր 15 օրը մեկ։ Միաժամանակ քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա մեխանիկորեն մաքրել լճի մակերեսը և ավելի արդյունավետ հեռացնել կուտակված աղբը։

Բեգոյանը նշեց նաև, որ այս տարվա ընթացքում Առողջապահության նախարարությունից Երևանյան լճի ջրի վտանգավորության վերաբերյալ որևէ զգուշացում չի ստացվել։ Նրա խոսքով՝ պատկան մարմինները պարբերաբար իրականացնում են ջրի նմուշառում, և ներկայում կենդանական աշխարհի համար վտանգի մասին տվյալներ չկան։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանն էլ տեղեկացրեց, որ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է Հրազդան կիրճի, Հրազդան գետի և Երևանյան լճի հարակից տարածքների բարեկարգման և ռեկրեացիոն գոտու ստեղծման ծրագիրը։

Նրա խոսքով՝ այս փուլում կատարվում են Երևանյան լճի հատակի նստվածքների, ջրիմուռների, ջրի որակի, ինչպես նաև պատվարի սեյսմակայունության ուսումնասիրություններ։ Հայկազյանը նշեց, որ ներկայում Հրազդան գետ են թափվում շուրջ 1500 հասցեների կոյուղաջրեր, ինչն էլ լրջագույն ազդեցություն ունի ջրի որակի վրա։ Նրա խոսքով՝ մինչև ռեկրեացիոն գոտու ստեղծումը առաջնահերթ պետք է լուծվի հենց ջրի մաքրման խնդիրը։
Այդ նպատակով արդեն հաջորդ տարվանից նախատեսվում է սկսել մաքրման կայանների կառուցման ծրագիրը։ Ըստ նախնական հաշվարկների՝ Հրազդան գետի երկայնքով անհրաժեշտ կլինի կառուցել շուրջ 14 մաքրման կայան։

Բնապահպանության վարչության պետը նաև տեղեկացրեց, որ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի հատուկ սարքավորում, որը հնարավորություն կտա իրականացնել ջրի մակերեսի մեխանիկական մաքրում և միաժամանակ ջրի նմուշառում՝ հիմնական աղտոտիչների կազմը պարզելու նպատակով։