Նիդեռլանդները, Գերմանիան և Լեհաստանը միջանցք կստեղծեն ռազմական տեխնիկա տեղափոխելու համար
1 րոպեի ընթերցում
![Նիդեռլանդները, Գերմանիան և Լեհաստանը միջանցք կստեղծեն ռազմական տեխնիկա տեղափոխելու համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/01/1129259.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդները, Գերմանիան և Լեհաստանը հռչակագիր են ստորագրել ռազմական միջանցք ստեղծելու մասին`զորքեր և ռազմական տեխնիկա տեղափոխելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը։
«Մեզ ռազմական Շենգեն է անհրաժեշտ՝ ռազմական անձնակազմն ու տեխնիկան ավելի արագ և արդյունավետ տեղափոխելու համար: Դա Եվրոպան ավելի ուժեղ կդարձնի: Մենք կարևոր քայլ ենք արել. Լեհաստանը, Գերմանիան և Նիդեռլանդները հռչակագիր են ստորագրել ռազմական միջանցք ստեղծելու մասին», - գրել է Օլոնգրենը X սոցիալական ցանցում:
2023 թ․ նոյեմբերին ՆԱՏՕ-ի թիկունքային ապահովման լոգիստիկայի միացյալ հրամանատարության ղեկավար Ալեքսանդեր Զոլֆրանկը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել էր «ռազմական Շենգեն» ստեղծելու ցանկության մասին, որի շրջանակներում դաշինքի երկրների զորքերը կկարողանան ազատ տեղաշարժվել։ Ներկայում մարդկանց և զինամթերք տեղափոխելիս ՆԱՏՕ-ի ուժերը խոչընդոտների են բախվում մի շարք ազգային կանոնակարգերի պատճառով: