25-օրյա հավաքները արդյունավետ են, սակայն խնդիրներ շարունակում են լինել. Պապիկյան
2 րոպեի ընթերցում

25-օրյա վարժական հավաքները արդյունավետ են, սակայն դրանց կազմակերպման և իրականացման ընթացքում խնդիրներ շարունակում են լինել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով պահեստազորայինների 25-օրյա հավաքներին և դրանց արդյունավետության վերաբերյալ հրապարակումներին։
«Մենք մշտապես հարցումներ ենք անցկացնում, գնահատականները տարբեր են, և քայլեր ենք կատարում, որ տարեցտարի բարելավվի այդ ծառայության որակը, որովհետև այլընտրանք չկա։ Մենք պիտի ամեն կերպ մեր պահեստազորը պատրաստ պահենք»,- նշել է Պապիկյանը։
Նրա խոսքով՝ 25-օրյա հավաքները կարճ և հեշտ ճանապարհ են, որը նաև հարմար է քաղաքացիների համար, քանի որ ավելի քիչ ժամանակ է պահանջում։
«25 օրը մարդուն չի հասցնում այնքան աշխատանքային, ֆիզիկական վնաս, որքան նախկինում երեք ամսվա դեպքում էր։ Բնականաբար, մենք այս օպտիմալ ժամանակահատվածն ենք ընտրել, որ գործից կտրվելով անգամ՝ մարդը կարողանա վերաադապտացվել բանակին, վերհիշել և, իհարկե, դառնալ մեր պահեստազորի մաս»,- ասել է պաշտպանության նախարարը։
Պապիկյանը նշել է, որ 25-օրյա հավաքները արդյունավետ են, սակայն առկա խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։