Հարավային Կորեան ԿԺԴՀ-ի կողմից 2024-ի սկզբին ռազմական սադրանքի վտանգ է տեսնում
1 րոպեի ընթերցում
![Հարավային Կորեան ԿԺԴՀ-ի կողմից 2024-ի սկզբին ռազմական սադրանքի վտանգ է տեսնում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/12/1127190.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունը պնդում է, որ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը մեծ հավանականությամբ ռազմական սադրանքներ կիրականացնի 2024 թվականի սկզբին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ճապոնիայի «NHK» պետական-հասարակական կենտրոնական հեռուստառադիոընկերությունը, Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայությունը նման նախազգուշացում է արել դեկտեմբերի 28-ին լրատվամիջոցներին փոխանցված փաստաթղթում:
Հետախուզական ծառայությունը հայտնում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնյաներին հանձնարարել է միջոցներ նախապատրաստել հաջորդ տարվա սկզբին Հարավային Կորեայում ուժեղ ցնցումներ առաջացնելու համար: Փաստաթղթում չի հստակեցվում, թե կոնկրետ երբ է Կիմը տվել այդ հրամանը։
Հետախուզական ծառայության կարծիքով ՝ Փհենյանը կարող է իր սադրանքներն իրականացնել ապրիլին Հարավային Կորեայում կայանալիք ընդհանուր ընտրությունների, ինչպես նաև նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին:
Կիմի նման կարգադրության հրապարակումն անսովոր քայլ է հետախուզական ծառայության համար։