Նիդեռլանդները երկու ամսում 550 միլիոն եվրոյի ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինային
2 րոպեի ընթերցում
![Նիդեռլանդները երկու ամսում 550 միլիոն եվրոյի ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինային](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/12/1126326.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդները 550 միլիոն եվրոյի ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինային վերջին երկու ամսվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Նիդեռլանդների կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
«Հոկտեմբերի 3-ից Ուկրաինային տրամադրվել է 550 միլիոն եվրոյի ռազմական օգնություն։ Խոսքը հիմնականում շուկայից գնված սարքավորումների մասին է։ Այսպիսով, Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր տրամադրված ռազմական օգնության ընդհանուր ծավալը հասել է 2,6 միլիարդ եվրոյի», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես, վերջին երկու ամսվա ընթացքում Նիդեռլանդները մատակարարել է մարտական մեքենաներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, զենք, զինամթերք և անօդաչու թռչող սարքեր։ Բացի այդ, Ուկրաինային են փոխանցվել ականազերծման սարքավորումներ, դաշտային հիվանդանոցներ, վրաններ, ամբարձիչներ և դեղորայք։ Մատակարարվել են նաև տարբեր սարքավորումների և փոխադրամիջոցների պահեստամասեր։
«Շատ կարևոր է, որ դաշնակիցները շարունակեն աջակցել Ուկրաինային, - ասել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնակատար Կայսա Օլենգրենը: - Նիդեռլանդները նույնպես պետք է շարունակի նպաստել դրան, մենք չենք կարող մենակ թողնել Ուկրաինային: Մեր աջակցությամբ մենք երաշխավորում ենք, որ Ուկրաինան կկարողանա շարունակել պայքարը, նա չպետք է տանուլ տա այդ ճակատամարտը»: